Վերջին շրջանում հաճախակի են դարձել թավշյա պաշտոնյաների կողմից հպարտ քաղաքացիներին վիրավորելու, պիտակավորելու դեպքերը: Իհարկե, ժողովրդի կողմից իշխանության բերվածներն այսօր, թերևս, չունեն այդ ժողովրդի աջակցության կարիքը և կարող են իրենց թույլ տալ այս ժողովրդի տարբեր շերտերի հետ խոսել վերևից' մոռանալով, որ եկել էին ծառայելու և ոչ թե տիրելու ու հայհոյելու:
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հատուկ թերհասների համար! Հայկ և Նաիրի Սարգսյաններն իմ ընկերներն են։ Ու են որ Հայկը խախտել էր պարետի որոշումը (որի համար տուգանվել է) ձեզ իրավունք չի տալիս ավել պակաս հաչալու։ Ձեզ էլ եմ հասկանում ո՞նցա կարելի Սևան գնալ ու հասարակ լողափին ժողովրդի հետ ուրախանալ, առանց հաստավզերի, առանց կոկայինի, առանց մի քանի միլիոն դոլարներ կրվելու։ Ախր շատ հարամ ենք է, ամեն ինչ փոխում ենք։Ապրե’ք ձեր կյանքով ճնճղուկներ»:
Դրանից հետո էլ պատերազմի ամենաթեժ օրերին պաշտոնյան սպառնում էր գեներալ Վիտալի Բալասանյանին:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կապիտուլյացիոն խայտառակ ակտի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 25-ին, իր ֆեյսբուքյան էջով տարածում էր Փաշինյանի աջակիցների՝ սեռական հայհոյանք և սպառնալիքներ պարունակող տեսանյութերը' ուղղված, իհարկե, Փաշինյանի ընդդիմախոսներին: Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին «առնել» և մորթել։
Սակայն, սպառնալիքներով ու հայհոյանքներով բանը ՔՊ-ականների մոտ չի սահմանափակվել: Բազմաթիվ են դրվագները, երբ պաշտոնյաները ազատություն են տվել նաև իրենց ձեռքերին: Դիցուք՝ նախորդ տարի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը, իսկ մարզպետը, ում մասնակցությունը այդ ծեծ ու ջարդին նույնպես ֆիքսվել էր, ձևականորեն հրաժարական տվեց և անցավ մեկ այլ աշխատանքի:
Նախկին օդիոզների ռեկորդները բազմիցս խփել է նաև Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ինչ արժի միայն մեկ պատմությունը, որի մեջ նա հայտնվել է, հայտնի էր դարձել, որ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ ծեծի էր ենթարկել Սարգսյանի վարսավիրին: Գործն, իհարկե, կրկին ջրվեց:
Վերջերս բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել ցուցարարներից մեկին, հնչել են երկուստեղ հայհոյանքներ:
Ամիսներ առաջ էլ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի և Շենգավիթ վաչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում թաղապետարանի աշխատակցին ծեծի ենթարկելու փաստով։ Այս գործում նույնպես որևէ արդարացի լուծման սպասելը՝ անհեռատեսություն կլիներ:
Նմանատիպ ամենաթարմ դրվագը գրանցվել է երեկ, երբ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվել էր լրագրողի վրա: Ընդ որում, նախարարը հետագայում ներողություն խնդրեց և հայտարարեց, որ պատրաստ է արարքի համար կրել պատասխանատվությունը, սակայն, հաշվի առնելով, թե ինչպես են այդ պատասխանատվությունը կրել Արշակյանի թիմակիցները, նա կարող է հանգիստ լինել իր քաղաքական ապագայի հարցում:
Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանն ու թիմակիցները մեղադրում և թիրախավորում էին Հանրապետական կուսակցության օդիոզ դեմքերին, հայտարարում, որ երկիրը Շմայսի նմանները չպետք է ղեկավարեն, սակայն այսօր հենց իրենք՝ իշխանության հասած նախկին ընդդիմադիրները, խփել են Շմայսի և մյուսների բոլոր հնարավոր և անհնարին ռեկորդները…