«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։ Ուշագրավ է հատկապես, թե ովքեր են առաջադրվելու ՔՊ-ից Սյունիքում: Եվ այսպես՝ Տաթև համայնքում ՔՊ-ից առաջադրվելու է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը, Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը։
Մեղրի համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվել Արարատ Թումանյանը, ով, ի դեպ, բացի նրանից, որ ՔՊ ակտիվ անդամ է և Փաշինյանի նվիրյալ, նաև գործարար է: Վերջինիս «Արագգ» ՍՊԸ-ն Իրանից և Թուրքմենստանից դիզվառելիք է ներկրում: 2016-2017 թվականներին Թումանյանը ակտիվ բողոքում էր ՊԵԿ վարած քաղաքականությունից, պնդելով, որ ՊԵԿ-ը խոչընդոտում է իր բիզնեսին՝ այդպիսով արտոնյալ պայմաններ ստեղծելով խոշորների՝ «ՖԼեՇ»-ի և «ՍիՓիԷս»-ի համար: Այն ժամանակ, Պետեկամուտների կոմիտեի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ կոմիտեն քրեական գործ էր հարուցել՝ սպառողներին խոշոր չափերով խաբելու դեպքի առթիվ, ու արգելել է մաքսազերծել ներմուծված վառելիքը Թումանյանին պատկանող «Արագգ» ընկերությանը: Ըստ հաղորդագրության, «տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով [ընկերությունը] փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք: Ներկրողը նաև հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ ուրիշին»:
Թիմակցին այն ժամանակ պաշտպանել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նամակ էր հղել վարչապետ Կարեն Կարապետյանին' պահանջելով խոչընդոտներ չհարուցել Թումանյանի ընկերության համար: «Փաստորեն, ինչպես հայտնի գրքում է ասվում, որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան այլ կենդանիները», ֊ գրել էր Փաշինյանը։ 2018 թվականի տվյալներով' «Արագգ» ՍՊԸ-ն շուրջ 6 միլիոն դրամի չկատարված հարկային պարտավորություններ ուներ: 2019-ին Ազդարար համակարգում տեղադրվել է «ԱՐԱԳԳ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժոողով նշանակելու մասին որոշումը, սակայն, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, հասկանալի չէ:
Գորիսում իր թեկնածությունը առաջադրած պաշտոնյան 46-ամյա Վլադիմիր Աբունցն է։ Վերջինս Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել, հիմա չի աշխատում։ Ուշագրավ է վերջինիս 2020 թվականի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը. Աբունցը հայտարարագրել էր բնակարաններ Գորիսում և Երևանի Մալաթիա Սեբաստիա թաղամասում, 2019 թվականին ձեռք բերված Hundai մակնիշի ավտոմեքենա, 2,000,000.00 կանխիկ դրամ, 5,566,078.00 դրամի աշխատավարձ: