Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր Գյումրիում էին: Հյուրերի շարքում է եղել նաեւ քանդակագործ, Նախախորհրդարանի համակիր Վիգեն Ավետիսը:
Նա նախ նշել է, որ շատ ուրախ է, որ գտնվում է Գյումրիում: Նրա խոսքերով՝ մեծ է հասարակության ուշադրությունը իրենց շարժման նկատմամբ: Ապա Վիգեն Ավետիսը խոսել է երկրում առկա խնդիրներից, մասնավորապես կառավարության գործունեությունից:
«Ուզում եմ սկսել Տիգրան Սարգսյանից: Ճիշտն ասած, սկզբում որոշել էի չանդրադառնալ կառավարությանը, որովհետեւ արդեն գիտենք, որ նրանք արդեն սպառված եւ հնացած ուժ են եւ չգիտեն, թե ինչ ձեւերով զարմացնեն ժողովրդին՝ թանկացումներով, կամ ես չեմ հասկանում՝ ոնց կարելի է գնալ հանգստի՝ կառավարությունը, նախագահը, երբ որ, ասենք, Բաքվում ՌԴ նախագահը հանդիպում է Ադրբեջանի նախագահի հետ, դրան պետք է արագ արձագանքվեր, մի խոսքով՝ գտնվել ՀՀ սահմաններից դուրս այս պայմաններում, երբ որ շատ լուրջ հարցեր են լուծվում, նրանք հանգստանում են, մի խոսքով, թող հանգստանան, նրանք պատրաստվում են ավելի երկար հանգստի, հոգնել են»,- իր խոսքի սկզբում ասել է քանդակագործը: Նա ապա անդրադարձել է արտագաղթի ահագնացող տեմպերին. «Տիգրան Սարգսյանին երբ որ հարցրեցին արտագաղթի մասին, պատասխանեց՝ բա ի՞նչ անեն՝ մնան, որ հեղափոխությո՞ւն անեն: Այո, ամեն օր մարդիկ լքում են Հայաստանը, բայց դա չի նշանակում, որ մոռանում են այն հարցերը, որոնք որ կեղեքում են երկիրը»:
Ըստ Վիգեն Ավետիսի՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս նրանք պայքարում են երկրի անվտանգության համար, Հայաստանը կեղեքիչներից մաքրելու համար: «Դրսում հայերն ապրում են Հայաստանի ամեն մի վայրկյանով, այսինքն թող Տ. Սարգսյանը չուրախանա, որ Հայաստանից այսքան մարդ է գնում, եւ որ հեղափոխության չեն պատրաստվում, նրանք պատրաստվում են գալ ամեն վայրկյան եւ իրենց ներդրումը ունենալ: Հայերը տարբեր երկրներում մնում են հայ եւ պատրաստ են պայքարելու»,- ասել է քանդակագործը: Նա խոսել է նաեւ վերջին թանկացումներից եւ նշել, որ դեռեւս ընտրությունների ժամանակ ինքը զգուշացրել է, որ կառավարությունը տասը քայլ հետ է մնացել ժողովրդից:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում արդեն քանդակագործը իր տեսակետն է հայտնել հայտնի օֆշորային սկանդալի վերաբերյալ եւ կիսել բոլոր այն մարդկանց տեսակետները, որ անհնար է առանց քաղաքացու իմացության նրա անունո օֆշորային գոտիներում բաժնետոմսեր գրանցել եւ հսկայական գումարներ փոխանցել:
«Բոլոր հայերը տեղյակ են, սոցիալական ցանցերը ամեն րոպե տեղեկություններ են հրապարակում: Ես չեմ կարծում, որ առանց մարդու ստորագրության եւ իմացության հնարավոր լինի գործունեություն ծավալել»,- մեզ հետ զրույցում ասել է իտալացի քանդակագործը: Վ. Ավետիսի գնահատմամբ՝ եթե ապացուցվի օֆշորային սկանդալը, ապա այն սկանդալ կդառնա, չնայած որ բոլորին էլ քաջ հայտնի է, որ պաշտոնատար անձինք հիմնականում զբաղվում են այլ գործերով, բացի իրենց հիմնական գործառույթից՝ այսինքն ծառայել պետությանը, ժողովրդին:
«Բարձր պաշտոնյաների հանցագործությունները բացահայտվում են նրանց պաշտոնանկության ժամանակ, քանի որ ՀՀ-ում դատական համակարգը հսկվում է կուսակցության կողմից, եւ հիմա գրեթե անհնար է, որ հայտարարվի իսկությունը, դա կհայտարարվի մի քանի տարի հետո, երբ նրանք այլեւս իշխանության չեն լինի: Բայց դրանից ոչ մի բան չի փոխվում, եթե պետությունը օրեցօր աղքատանում է, եթե արտագաղթը օրեցօր ավելանում է, ի՞նչ պետք է փոխի այդ սկանդալը»,- ասել է նա:
Նա նշել է, որ հեռուստատեսությամբ երբ մի անգամ տեղեկացել է, որ վարչապետ Տ. Սարգսյանի երեխաները մեծանում են Իսպանիայում, հիմա դիմում է կառավարության ղեկավարին: «Ես, օրինակ, կուզեի, որ նրանք մեծանային, ասենք, Սյունիքում եւ շատ մոտ լինեին Սյունիքի նախկին մարզպետի որդիների հետ, ընկերություն անեին եւ մասնակցեին հանցագործություններին, ոչ թե սեփական երեխաներին փրկի այս փչացած իրականությունից, տանի Իսպանիա: Այսպիսին է իրականությունը, ցավոք»,- եզրափակել է քանդակագործ Վիգեն Ավետիսը:
Փայլակ Ֆահրադյան