Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Սևակ Ա․-ն իր վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենայով Նորավան Մ2 ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջ հատվածում գտնվող հողաթմբին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սևակ Ա․-ն և նրա ուղևորներ՝ 25-ամյա Մանե Գ․-ն, 2-ամյա Անի Ա․-ն և 1-ամյա Ալիսա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակին 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրմանատարան Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։
Օպերատիվ են գործել Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի մասին՝ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։