«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռու մարզի Ախթալա համայնքի կազմի մեջ մտնող Ճոճկան բնակավայրի մանկապարտեզի երեխաներին աղիքային սուր ինֆեկցիայով տեղափոխել են հիվանդանոց: 5 երեխա ջերմության, սրտխառնոցի, լուծի ախտանշաններով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Սուրեն Խուդինյանը հայտնեց, որ երեխաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Երեք փոքրիկ դեռ շարունակում է բուժում ստանալ:
Թե ինչից է փոքրիկների առողջությունը վատացել, դեռ պարզ չէ: Անալիզները ուղարկել են լաբորատորիա, պատասխանի են սպասում:
Այս պահին նմուշառում է կատարվում սննդից և խմելու ջրից:
Խուդինյանը վստահեցրեց, որ սնունդը տրվում է Առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին համապատասխան:
Տնօրենի խոսքով՝ այս պահի դրությամբ սանիտարական միջոցառումներ են կազմակերպվում: Մանկապարտեզն այս օրերին գործում է, սակայն, գրանցված դեպքից զգուշանալով, ոչ բոլոր ծնողներն են երեխաներին մանկապարտեզ ուղարկում:
Ճոճկանում կասկածում են, որ թունավորումը կարող է ջրի պատճառով լինել: Մանկապարտեզի ջուրը Ճոճկանի նոր շահագործված ջրագծից է միացված:
Սննդի և ջրի նմուշառման պատասխանները մի քանի օրից հայտնի կլինեն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում