Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի տնտեսությունը գրանցել է 6.7% անկում. արդյունաբերության ոլորտում՝ 7.9%, առևտրաշրջանառության ոլորտում՝ 11.3%, ծառայությունների ոլորտում՝ 12.5%: Կտրուկ անկում է գրանցել էլեկրաէներգիայի արտադրությունը՝ 5.8%-ով, այսինքն՝ մենք ունենք բավականին վատ ցուցանիշներ, և սրանք այն ոլորտներն են, որոնք խոսում են Հայաստանի տնտեսության ընդհանուր դինամիկայի մասին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Հայաստանի տնտեսության համարյա վերականգնման մասին հայտարարությանը:
Տնտեսագետն ընդգծում է՝ եթե, հունվար ամսվա համեմատ, փետրվարի անկումը նվազել է, ապա դա, հիմնականում, պայմանավորված է հանքարդյունաբերությամբ. «Ծավալները ավելացել են՝ ի հաշիվ մետաղների գների աճի, որը գրանցվեց փետրվար ամսին և հանքարդյունաբերության հաշվին տնտեսության անկումը կրճատելը դիտել որպես համարյա տնտեսության վերականգնում՝ ուղղակի անտրամաբանական է»:
Պարսյանը նկատում է, որ հանքարդյունաբերության հաշվին երկարաժամկետ տնտեսական աճ չի կարող ապահովվել, իսկ նախարարը շարժվում է հենց այդ տրամաբանությամբ:
«Նախարարը կարծում է, որ հաջորդ 10 ամիսները այս նույն հանքարդյունաբերության հաշվին կարողանալու է աճ ապահովել. սա իսկապես լուրջ չէ: Նախարարին հիշեցնեմ՝ վարչապետը փետրվարի 18-ին հայտարարեց, որ առևտրաշրջանառությունը ՀԴՄ կտրոններով ավելացել է 12%-ով՝ փետրվարի 15 օրերի ընթացքում, իսկ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ փետրվարին առևտրաշրջանառությունը ոչ թե ավելացել է 12%-ով, այլ անկում է գրանցել՝ 11.3%-ով: Այսինքն՝ շեղումը իրենց հայտարարած թվից ու պաշտոնական վիճակագրության՝ 20%-ից ավելի է: Իրենց հրապարակման համաձայն՝ մենք առևտրի ոլորտում պետք է ունենանք երկնիշին մոտ աճ, բայց հիմա վիճակագրությունը փաստում է՝ ունենք երկնիշ անկում»,- նշում է տնտեսագետը, ապա՝ հավելում. «Լավ կլինի Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները բացատրեն, թե ինչով է պայմանավորված վարչապետի հայտարարած առևտրաշրջանառության երկնիշ թվի աճի և պաշտոնական վիճակագրության երկնիշ թվի անկման այս իրավիճակը»:
Ըստ տնտեսագետի՝ Ֆինանսների նախարարությոյւնը կանխատեսում է 2% տնտեսական աճ, Կենտրոնական բանկը՝ 1.4%, իսկ պետական բյուջեի նախագծով 3.2% աճ է կանխատեսվում:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր՝ «Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել, Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում»:
Արփինե Հակոբյան