ԱԽ գրասենյակն այսօր հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ:

Ավելի վաղ ԱԽ-ն նույն խնդրի վերաբերյալ գրավոր գաղտնազերծել էր, երբ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել՝ դրությունը վատ է և պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները։

Օնիկ Գասպարյանն այսօր պահանջել էր հրապարակել իր զեկույցի ամբողջական, չմոնտաժված տարբերակը։

Իսկ թե արդյո՞ք պահանջը կկատարվի, գեներալ Օնիկ Գասպարյանն արդեն 168.am-ի հետ զրույցում ասաց. «Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

Թե ինչ նպատակ է հետապնդում կամ ինչ հարց է լուծում իշխանություն-ԳՇ նախկին պետ հեռակա բանավեճը, հստակ պնդում դժվար է անել՝ գուցե հասարակությանը կարևորագույն խնդիրներից շեղելու եղանակ են ընտրել, գուցե սա ճնշման ձև՞ է՝ ուղղված Օնիկ Գասպարյանին, կամ առհասարակ Զինված ուժերին, գործող գեներալներին…

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր նաև, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:

«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- մարտ ամսին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել էր նա:

Գեներալ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:

«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտեց Օ․Գասպարյանը:

Եվ քանի որ Օնիկ Գասպարյանն այլևս ԳՇ ղեկավարը չէ, այն, ըստ էության, կներկայացնի ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։