«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում Հաշվեքննիչ պալատը մի շարք անհամապատասխանություններ է բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունը խախտել է կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ հաստատված «Կարգ»-ի 11-րդ կետով սահմանված պահանջները, ըստ որի՝ ավտոմոբիլային ճանապարհի խումբը պահպանման աշխատանքների կատարման արդյունքում չի կարող փոխվել դեպի բարձր խմբի:
Խմբի փոփոխությունը դեպի ավելի բարձր խումբ կատարվում է միայն տվյալ ճանապարհի հիմնական, միջին նորոգումից կամ վերակառուցումից հետո: Բայց, արի ու տես, նախարարությունն ավտոճանապարհի խմբի փոփոխություն է արել, առանց նորոգելու կամ վերակառուցելու: Խոսքը Հ38, Հ30-Թթուջուր-Նավուր-Հ36 40.1 կմ ճանապարհահատվածի մասին է, որի խումբը, ըստ վիճակի, 2019 թվականի սպասարկման համար գնահատվել էր «վատ» եւ «թույլատրելի» սպասարկման մակարդակով:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականին այդ ճանապարհահատվածի վիճակը, առանց հիմնական, միջին նորոգման կամ վերակառուցման, գնահատվել է «բավարար»: Ավելին՝ պատվիրելով «թույլատրելի» պահպանման մակարդակ, բայց կիրառելով ավելի բարձր մակարդակի՝ «բավարար»-ի գները՝ 2018-2019 թվականների կատարողականներով ավել են հաշվարկվել 51 մլն 315 հազար դրամ:
Այսինքն՝ 2020 թվականին, այս անգամ արդեն առանց հիմնավորման, ճանապարհի վիճակը նախարարությունը «վատ»-ից փոխել է «բավարար»-ի եւ շարունակել վճարել ավելի բարձր՝ «բավարար» պահպանման մակարդակի գներով, որոնց տարբերությունը նախորդ տարվա համար կազմում է 25 մլն 6857 հազար դրամ: