Երեկ՝ մայիսի 23–ին, տեղացած կարկուտի և ուժեղ քամու հետեւանքով Արմավիրի մարզի մի շարք համայնքներ մեծ վնասներ են կրել։ Համայնքների կրած վնասների չափը հասկանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Ակնաշենի, Ջրարբիի և Աղավնատուն համայնքների ղեկավարների հետ:
Աղվանատուն համայնքի ղեկավարը ասաց, որ երեկվա կարկուտը նախորդ տարիների պես ուժեղ չի եղել, բայց բանջարաբոստանային ցանքատարածությունները 30–40 տոկոսով վնասվել են. «Մեզ մոտ կարկուտը շատ ուժեղ չէր ուրիշ համայնքների նման, պոլիէթիլենային թաղանթով ծածկված ջերմոցներն են պատռվել։ Կարկուտը մոտ 8 րոպե է տեղացել. նախորդ տարիներին այնքան ուժեղ կարկուտներ ենք տեսել, որ սա դրանց համեմատ չնչին էր»,- նշեց Գնել Մաթևոսյանը։ Ըստ վերջինիս՝ Ժողովուրդը վստահ է՝ պետությունը չի օգնելու նախորդ տարիների նման, և հիմա պետք է ապահովագրվեն, որ վնասի փոխհատուցում լինի. «Ժողովուրդը, որ գիտի օգնություն չի ստանալու, չի գալիս գրանցվի, որ իմանանք՝ ով ինչքան վնաս է կրել»,- ասաց համայնքի ղեկավարը:
Ջրարբիի համայնքի ղեկավարն էլ ասաց, որ համայնքապետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է վնասների գնահատմամբ. «Ում ցանքատարածությունը բաց է եղել, 100%-ով վնասվել է, դրանք տնամերձ այգիներ են, որտեղ մշակում են վարունգ, լոլիկ, պղպեղ և 7 այլ բանջարեղեն»,– նշեց համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։
Իսկ Ակնաշենում մոտ 200 տնտեսություն է տուժել, ըստ համայնքի ղեկավարի, բոլորն էլ վարկային միջոցներով են մշակել իրենց այգիները։ Այս պահին վնասների գնահատում է կատարվում. «Երեկվանից մինչև հիմա լույս չունենք: Պոլիէթիլենային թաղանթով ծածկված 20 հա ջերմոցների գրեթե 90%-ը պատռվել է։ Ջերմատներում աճեցվող պոմիդորը, վարունգը, պղպեղը կարկուտը լրիվ ավերել է։ Ձմերուկ, սեխ չի մնացել, խաղող՝ նույնպես։ Քամու հետեւանքով նախկին կուլտուրայի շենքի, որտեղ հիմա գտնվում է գյուղապետարանը, տանիքի մի մասը պոկվել է, բացի այդ՝ 7-ից 8 տանիք է վնասվել»,– ասաց Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյանը։
Զվարթ Պետրոսյան