Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք:
Երկրի վարչապետի այցի առաջին կանգառը Շիրակի մարզի կարկտահարված դաշտերն էին, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, եղել է Նոր կյանք, Փանիկ, Սպանդարյան և Գեղանիստ համայնքների հացահատիկի դաշտերում, մանրամասն զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է համայնքների բնակիչներին, որ կարկուտի պատճառած վնասն արագ հաշվարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծվել են հանձնաժողովներ՝ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև տուժած համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովները սեղմ ժամկետում տեղեկատվություն կներկայացնեն համայնքների կրած վնասի իրական չափի վերաբերյալ, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարությունը կգնահատի և որոշում կկայացնի պետական նպատակային օժանդակություն տրամադրելու վերաբերյալ: Կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցելու նպատակով պատասխանատու գերատեսչություններին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում հաշվարկել և ներկայացնել նաև աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ անձամբ հետևելու է այդ գործընթացի արագ կազմակերպմանը, և Հայաստանի կառավարությունը հնարավորինս օժանդակելու է գյուղացիներին՝ բնական աղետի հետևանքները հաղթահարելու հարցում:
Հանրապետության վարչապետը գյուղացիների հետ զրուցել է նաև նրանց հուզող մի շարք այլ խնդիրների շուրջ, որոնք վերաբերում էին ջրամատակարարմանը, դպրոցաշինությանը և այլ հարցերի: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կքննարկի և հնարավորության շրջանակում կփորձի լուծում տալ այդ խնդիրներին:
Գեղանիստ համայնքում կառավարության ղեկավարն անակնկալ այցելել է համայնքի բնակիչներից մեկի տուն, որտեղ ներկա է գտնվել բանակ զորակոչվող երիտասարդի ճանապարհման արարողությանը և բարի ծառայություն մաղթել նորակոչիկին: