«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արթուր Մանուկյանն այսօր՝ մայիսի 26-ին, հայտարարեցին, որ չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին և, ըստ այդմ, չեն ընդգրկվելու ՔՊ համամասնական ցուցակում: Պատգամավորները նաև նշել էին, որ իրենց որոշումների մեջ քաղաքական ենթատեքստեր չկան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընտրություններին չի մասնակցելու նաև Սասուն Միքայելյանը:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քիչ առաջ հրապարակել է ընտրացուցակի առաջին 30 անունները: Ըստ այդ ցուցակի՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, Հայկ Սարգսյանը չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Տիգրան Ավինյանը չկա ՔՊ ընտրացուցակում, քանի որ նրան այլ պաշտոն են «խոստացել»:
Նշենք նաև, որ Լիլիթ Մակունցը, թեև կա ընտրացուցակում, սակայն այսօր լրագրողների հետ զրույցում չհերքեց այն լուրը, որ ՀՀ դեսպան կնշանակվի ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս էին եկել պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանը, Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գևորգյանը, Աննա Գևորգյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գայանե Աբրահամյանը:
Արփինե Հակոբյան