Այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նկատեց, որ միջադեպը սպասելի էր.
«Եթե մեր զինվորականներին արգելվում է կրակել, հրաման կա չկրակելու, ապա ակնհայտ էր, որ ինչ-որ պահից թշնամին առաջինն է նման քայլերի դիմելու. այդ մասին անձամբ ես օրեր առաջ գրել, զգուշացրել եմ: Ընդ որում, ըստ ադրբեջանցիների, երկու ուղղությամբ են գերեվարվել 6 հայ զինծառայողները, թե դրանից հետո կրակոցներ եղել են՝ էական չէ, որովհետև թշնամին հասկանում է, որ հայկական կողմը չի պատասխանում՝ ավելի է լկտիանում: Մենք ճանաչում ենք մեր թշնամու թե՛ նենգությունը, թե՛ ստորությունը: Վստահ եմ, որ ՀՀ իշխանությունը սա շատ լավ հասկանում է»:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ՀՀ տարածքում տեղի է ունեցել հայ զինծառայողների առևանգում․ սա գերեվարում չէ», Վրթանեսյանն ընդգծեց, որ նման իրավիճակներում այդ բառախաղերը հատուկ են դաշտ մտցնում.
«Ինչ կարևոր է՝ առևանգո՞ւմ է, թե՞ գերեվարում: Փաստն այն է, որ ՀՀ տարածքից 6 զինվոր գերի են. սա է կարևորը: Քանի դեռ բանակը չի կատարում պաշտպանվելու իր պարտականություններն ու գործառույթները, այդ թվում՝ կրակելով, ակնհայտ է, որ թշնամին էլ դրանից օգտվելու է»:
Ռազմական փորձագետը չգիտի, թե ռուսական կողմը բանակցություններն ինչ ուղղությամբ կտանի և ինչ արդյունք կունենանք.
«Ես չեմ բացառում, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, «քաղաքական պաս» տալու համար Ադրբեջանը որոշ թվով գերիներ ազատի, բայց երբեք որևէ քայլ հօգուտ Հայաստանի չի անի»,- նշեց փորձագետը:
Արփինե Հակոբյան