Պատերազմում նահատակված նկարիչ Գոռ Ավետիքյանի երազանքն իրականացավ: «Թովմասյան» հիմնադրամը կազմակերպեց Գոռի նկարների և անձնական իրերի առաջին ցուցահանդեսը: Գոռը սկսել էր նկարել շատ վաղ տարիքից' այնքան վաղ, որ նրա նկարները հստակ պատկերներ չէին, գույներ էին՝ զարմանալի, համարձակ ու, միևնույն ժամանակ, ներդաշնակ: Գոռը նկարում էր միշտ, նկարում էր ամեն բան, և մայրն այդ ժամանակ հասկացավ, որ իր որդին ասելիք ունի աշխարհին:
«Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես Գոռի, այնպես էլ պատերազմից վերադարձած մեր մյուս քաջերի վրձնած կտավները, որոնք ձեռք բերելով' մասնակիցներն իրենց ներդրումն են ունենում ծանր առողջական վիճակում գտնվող զինվորների բուժման հարցում:
Գոռի մեջ խտացված էին մարդկային ամենադրական հատկությունները, զգացմունքներն ու գույները։ Գոռն անասելի կամքի ուժի տեր երիտասարդ էր։ Նա հենց այդ կամքի ուժն էր ցույց տալիս պատերազմում՝ պայքարելով հարյուրավոր ԱԹՍ-ների դեմ:
Ավա՜ղ, Գոռը պատերազմից չվերադարձավ՝ աշխարհին թողնելով իր կտավներն ու գույները, իր երազանքներն ու մեծ սերը: «Ես ձեզ սիրում եմ». ահա այս խորագիրն էր կրում ցուցահանդեսը, որի ավարտին ցուցադրվեց համանուն ֆիլմը: