«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են 157 պատգամավորի թեկնածուներ, որոնք ԿԸՀ են ներկայացրել իրենց գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Կուսակցության ամենահարուստ և ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորի թեկնածուն Գուրգեն Արսենյանն է, որի դրամական միջոցներն, ընդհանուր առմամբ, կազմում են 6 մլրդ 164 մլն 567 հազար ՀՀ դրամ: Նա հայտարարագրել է 26 520 000 ՀՀ դրամ, 11 702 131 ԱՄՆ դոլար և 140 200 եվրո գումար։
Արսենյանն ունի 18 անշարժ գույք՝ 4 շենք, 3 շինություն և 11 հողամաս։ Ունի 4 մեքենա՝ «Ռենջ Ռովեր L405», «Մերսեդես Բենց S63», «Նիսսան X-Trail 2.5l» և «Բենտլի Bentayga 4.0T»։
Պատգամավորի թեկնածու Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 22 թանկարժեք գույք, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 8 մլն դրամը։ Դրանց թվում են 51 մլն 300 հազար դրամ և 82 մլն դրամ արժողությամբ 2 ժամացույց, 32 մլն 55 հազար դրամ արժողությամբ ոսկյա ձուլակտոր և 532 մլն 900 հազար դրամ արժողությամբ 19 նկար։
Արսենյանը բաժնետեր է հանդիսանում 8 ընկերությունների՝ «Արսօյլ» ՓԲԸ (100%), «Յունիքորն ֆլորա» ՓԲԸ (100%), «Յունիքորն փրինթ» ՓԲԸ (100%), «Յունիքորն քոնսթրաքշըն» ՓԲԸ (100%), «Յունիքորն գրուպ» ՓԲԸ (100%), «Յունիքորն սերվիս» ՓԲԸ (100%), «Վկրեդիտ 24» ՍՊԸ (13%), և «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ (51%)։
Ավելի վաղ, երբ հայտնի դարձավ ՔՊ ցուցակի պատգամավորների թեկնածուների անունները, հանրության ուշադրությունից չվրիպեց այնտեղ ընդգրկված խոշոր գործարարների անունները, որոնց թվում է նաև Գուրգեն Արսենյանը: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին վերադարձնում է քաղաքականություն, ինչը մեծ դժգոհության ալիք է բարձրացրել:
Սոնա Հարությունյան