«Դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակում կազմվել է վարչական 60 արձանագրություն, որից 45-ը համյանքային հողամասի վրա, իսկ 15 սեփական հանդիսացող հողամասի վրա, քանդում և ապամոնտաժում է իրականացվել է թվով 3 հասցեներում, այսինքն 34 կրպակ, շինություն քանդվել է, բայց քանակը այնքան մեծ է: Այստեղ գործել են հանցավոր խմբեր, սրանք ուղղակի մարդիկ չեն»: Այս մասին այսօր Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Աջափնյակում մեծ «բանդա» է գործում և մենք մեր լիազորությունների շրջանակում իսկապես ամեն-ինչ անում ենք, բայց մենք ամենազոր չենք: Կրպակների տեղադրման դեպքեր են եղել նաև գիշերը, ասում եմ մեր աշխատակիցների կյանքին վտանգ է սպառնում, եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին շատ հնարավոր էր, որ մարդասպանություն լիներ, որովհետև մեր աշխատակիցներից ութը, ինչպես նաև երեք ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակցել է 40-50 մարդ: Մեր աշխատակիցները և ոստիկանությունը փորձել են կանխել, բայց նրանք ոչ սթափ վիճակում, մահակներով, դանակներով էին և զինված և այդ օրը ոստիկանական մեծ ուժեր չկային, քանի որ նրանք զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, և մարդիկ չեն կարողացել խոչընդոտել կրպակների տեղադրմանը: Սա ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններով սահմանափակվող, այլև օրենսդրական, ոստիկանության, ուժայինների, դատախազության, ազգային անվտանգության հետ կապված համակարգային հարց է, որը մեր օրակարգում է: Շատ շուտով այն մարդիկ, որոնք խախտել են օրենքը, կզգան օրենքի ուժը: Գործողությունները չեն ուշանա»,- շեշտեց Երևանի քաղաքապետը: