ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արման Թաթոյան, քեզ սպառել ես եղբայր։
Դու երկակի ստանդարտներով առաջնորդվող, 687000 քաղաքացու «բ*-ի տղա» անվանող կոնկրետ շրջանակի հայհոյելու «իրավունքների» պաշտպանն ես։ Թե՞ դրան չես անդրադարձել, քանի որ գրառում անողը էդ պահին պաշտոնյա չէր։ Բայց ես էլ պաշտոնյա չեմ, իմ գրառմանն ինչու՞ ես նման ծավալուն անդրադարձ կատարել։ Պարզ ա, քո նախընտրելի քաղաքական ուժի ցուցակում էր, դու էլ դե տենց հայհոյելու ինդուլգենցիաներ բաժանող մեր «սիրելի» ՄԻՊ-ն ես։
Կարծում եմ լավ կանես էն Մալյան/Սամսոնյանների հետ որոշ ժամանակ դեաքթիվեյթ լինես»:
Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ կատարել էր հետևյալ գրառումը.
«Դատապարտելի է մարդկանց գրագետների ու անգրագետների արհեստական բաժանելով վիրավորելն ու դա քվեարկության արդյունքների հետ կապելը. Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները
Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ:
Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ: Այս արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի թեզերը:
Առավել կոնկրետ՝ ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթվածները:
Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական արտահայտություններով ու հետո տեղի է ունենում հակառակը:
Արդյունքում՝ ողջ հասարակությունն է հայտնվում վիրավորանքի, հայհոյանքի ու հակադարձումների պատճառով լարվածության փակ շղթայի մեջ:
Վիճակն ավելին են բորբոքում իշխանության ու ընդդիմության շրջանակների աջակցող, նրանց համակարգմամբ կամ ուղղորդմամբ գործող կեղծ էջերի ֆեյքային հարձակումները, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ առանձին հարցերով ավելին են ագրեսիվացել:
Ողջունելի և կարևոր էր հայհոյախոսությանը վերջ դնելու, թշնամանքը դադարեցնելու ՀՀ վարչապետի կոչը հունիսի 21-ի հավաքի ժամանակ ու հատկապես այն, որ այդ կոչն ուղղված էր նաև սեփական քաղաքական համախոհներին ու կողմնակիցներին:
Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին հենց իշխանության ներկայացուցիչներն ու հատկապես այն անձինք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ, առավել ևս ունեն հանրային ճանաչում ու հասարակությունում ընկալվում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցավոք, նրանցից որոշներն իրենց դատապարտելի պահվածքով հակառակն են ցույց տալիս:
Այդպիսի պահվածք է ցուցաբերում ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով պաշտոնապես ներկայացված է՝ որպես ձևավորվելիք նոր գումարման ԱԺ-ում կառավարող խմբակցության անդամ:
Այդ պահվածքն օրինակ է, թե ինչպես չպետք է իրեն դրսևորի իշխանության, առավել ևս բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա, մասնավորապես, անտեսելով ՀՀ վարչապետի կոչը, արել է հասարակությանը կամ առնվազն նրա մի մասին ուղղված բացահայտ վիրավորական ձևակերպումներով գրառում՝ օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար:
Այս ակնհայտ սադրիչ գրառումն առաջացրել է վիրավորանք ու հայհոյանք պարունակող նոր «քննարկումներ» ինչպես իր, այնպես էլ այլ հրապարակումների ներքո: Այն լայն տարածում է ստացել համացանցում ու նաև դարձել լրատվամիջոցների վերլուծության առարկա ու դրանով ավելի նպաստել անհանդուրժողականության աճին:
Ընդ որում, նշված անձի գրառումն ու մեկնաբանությունները վկայում են հասարակության կամ առնվազն մի մասի նկատմամբ նրա հեգնական մոտեցման, սեփական թվացյալ առավելությունները հասարակությանը հակադրելու և պառակտումը խորացնելու անպատասխանատու թողտվության մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին, հոգևորականներին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Պետք է հաշվի առնել անգամ բառերի կամ արտահայտությունների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարավորությունները հասարակությունում: Պետք է բացառվեն բոլոր տեսակի ֆեյքային բանակների հարձակումները:
Կարևոր է լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք պետք է առավել ուշադիր լինեն իրենց կողմից տարածվող տեղեկությունների բնույթի և նյութերի վերնագրերի նկատմամբ:
Իսկ պետական կարգավիճակ ունեցող կամ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նկատի ունենալ, որ իրենք, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, արձակուրդում լինելուց կամ չլինելուց, չեն դադարում պաշտոնյա լինելուց և սահմանափակված են իրենց իրավական կարգավիճակի սահմաններով, որից շեղումներն օրենքի խախտումներ են:
Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար:
Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա, իսկ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը»: