ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական լիազորությունները դադարեցրած Լուսինե Եգանյանի մանդատը փոխանցեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Արա Ռոմիկի Մելիքջանյանին։
Նշենք, որ Արա Մելիքջանյանը ԱԺ արտահերթ ընտրություններում սատարում էր «Հայաստան» դաշինքին։
ԼՈՒՐԵՐ․com-ը Արա Մելիքջանյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերցնելո՞ւ է մանդատը, այն դեպքում, երբ հաշված օրերի ընթացքում խորհրդարանը լուծարվելու է, ասաց․ «Մանդատը ուղղակի կվերցնեմ, քանի որ իմ իրավունքն է․ թեկուզև մի քանի օրից այն ուժ չի ունենալու, ու առաջին քայլը, որը եթե հասցնեմ անել՝ առնվազն «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալը կլինի, եթե չհասցնեմ անել՝ կամքս դա է»,- նշեց նա։
Մեր այն հարցին՝ մանդատը վերցնելով և այն վայր դնելով արդյոք ցանկանում է իր վերաբրմունքը ցույց տալ «Իմ քայլը» խմբակցությանը, Մելիքջանյանը պատասխանեց, որ որևէ մեկին որևէ բան ապացուցելու խնդիր չունի․ «Ես իմ իրավունքից օգտվել եմ այնպես ինչպես մյուսները»։
Հետաքրքրվեցինք, թե խորհրդարանը չլուծարվելու դեպքում արդյոք նույն կերպ կվարվե՞ր՝ ասաց․ «Ես կվերցնեի մանդատը և դուրս կգայի խմբակցությունից»։
Անդրադառնալվ «Հայաստան» դաշինքին սատարելուն, Արան ընդգծեց, որ դաշինքի ո՛չ ցուցակում է եղել, ո՛չ էլ, ուղղակի, ելնելով որոշ սկզբունքներից, իր պարտքն է համարել սատարել այդ դաշինքին։ Նա ընդգծեց, որ «Իմ քայլի» անդամների հետ համագործակցելու ցանկություն չունի, ինչը չի կարող ասել «Հայաստան» դաշինքի մասին․
«Կարող եմ ասել, այն պատկերացումները որոնք ես ունեցել եմ 2018 թվականին առնվազն մնացին որպես պատկերացումներ և դա է եղել պատճառը, որ ես ընտրություններին չեմ սատարել և ձեռնպահ եմ մնացել ՔՊ-ին աջակցելուց։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա կարող եմ ասել, որ կհամագործակցեի նրանց հետ փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտում։ Ես պետականամետ մարդ եմ, եթե ինչ-որ պահի իմ փորձն ու հմտությունները կներեին այս կամ այն ոլորտում իմ ներդրումն ունենալու այդ հնարավորությունը ձեռքիցս բաց չէի թողնի»,- ասաց Մելիքջանյանը։
Հիշեցնենք, որ Արա Մելիքջանյանը «թավշյա» հեղափոխությունից հետո, մոտ 9 ամիս զբաղեցնելով Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, հրաժարական ներկայացրեց։
Զվարթ Պետրոսյան