Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ' կատարվել է 108 հազար 107 պատվաստում, որից առաջին դեղաչափ' 77 հազար 449, երկրորդ դեղաչափ' 30 հազար 658: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հայաստանում «Աստրա Զենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա' անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: