Տարեսկզբին մայրաքաղաքում բացված «Ազգային մոլ» առևտրի կենտրոնի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։ Այնտեղ տարածքներ վարձակալած հայկական արտադրողները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել։ Բանն այն է, որ տեղական արտադրողները տաղավարներ են վարձակալել՝ ներկայացնելու իրենց արտադրանքը, ժամանակին վճարել են գրեթե մեկ տարվա վարձակալության գումարները, բայց ընդամենը օրեր անց տեղեկացել են, որ մոլը փակվել է, իրենց ապրանքներն էլ՝ մնացել ներսում։ Փորձել են կապ հաստատել տնօրինության հետ, բայց` ապարդյուն. որևէ մեկը հստակ պատասխան չի տալիս, թե ով պետք է նրանց կրած վնասը փոխհատուցի։
ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել Ազգային մոլի տնօրինության հետ, սակայն համացանցում տարածված հեռախոսահամարներից ոչ մեկը հասանելի չէր, միայն ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարով հնարավոր եղավ զրուցել Տիգրան Ասատրյանի հետ, ով ներկայացավ որպես «Ազգային մոլը» վարձակալած տարածքի տեր․ «Նույն խնդիրը մեզ հետ է, մեզ ևս մեծ թվով գումար են պարտք։ Նախկին տնօրեններն ասում են ձեր գումարները կվճարենք, բայց օրը գալիս է, չեն վճարում։ Նախկին տերերը չկան, դուրս են եկել խանութից։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել, փակվել է և որպեսզի հայկական արտադրողները կարողանան իրենց ապրանքը ներկայացնեն և աշխատանքը չկորցնեն՝ պայմանավորվել են նոր տնօրեն նշանակել և շարունակել գործունեությունը։ Սակայն անունը լինելու է ոչ թե «Ազգային մոլ», այլ «Հայկական արտադրանք» կամ «Հայկական տեքստիլ»։ Ստացվում է՝ տերեր չեն լինելու, լինելու է կառավարող տնօրեն և արտադրողները»,- ասաց Տիգրան Ասատրյանը։
Մենք զրուցեցինք նաև նախկին տնօրինության կողմից լիազորված անձի՝ Գևորգի հետ, որը հրաժարվեց նշել ազգանունը՝ ասելով, թե ինքը պարզապես աշխատակից է եղել․ «Ես նման ինֆորմացիա չունեմ, որ «Ազգային մոլը» փակվել է, այն շարունակում է աշխատել։ Ամբողջ խնդիրը եկել է նրանից, որ ոմն Շահմուրադյան, ով «Ազգային մոլի» տարածքի սեփականատերերից է, անօրինական գործունեություն է իրականացրել և այդ նույն բողոքող մարդկանց ապրանքները գրավի ձևով վերցրել է, թող հենց էդ բողոքողները կանգնեին «Ազգային մոլի» կողքը։ Գումարների հետ կապված ոնց կարողանում են` փակում են, խաբեության, բան չկա։ Խաբեություն կլինի, որ կորեն ու կապի դուրս չգան, բայց այդպիսի բան չկա։ Այս ամենը միմիայն մեկ մարդու՝ Շահմուրադյանի շնորհիվ է եղել։ Մոտ 70 գործընկերոջ 40 միլիոնի ապրանք ամբողջովին գրավի տակ է։ Մեր երկրում ոչինչ էլ չի փոխվել, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր ու անգամ ոստիկանությունը չի միջամտում»,- նշեց Գևորգը։
Նշենք, որ 2021 թ. ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) հատկանիշներով: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը փոխանցեց, որ գործը նախաքննության փուլում է․ «Ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում մեղադրանք կառաջադրվի «Ազգային մոլի» տարածքի սեփականատերերից մեկին՝ Ռուբեն Շահմուրադյանին։ Քանի որ Ազգային մոլի պահեստներում եղած ապրանքները կարող են փչանալ, մեկ շաբաթվա ընթացքում քննիչները դատախազության միջոցով կփորձեն կազմակերպել, որ թույլ տան մինչև մեղադրանք առաջադրելը կամ քննության ավարտը դուրս բերեն հայկական արտադրողների ապրանքները»,- ասաց Թադևոսյանը։
Սոնա Հարությունյան