Ցավոք սրտի արդարության հաստատումը երկար տեւեց, պրոֆեսոր Արմեն Չարչյանը երբեք պետք է կալանավորված չլիներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով Չարչյանը 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց:
«Սա մեծ անարդարություն էր, որը մենք տեսանք մեկ ամիս, բայց արդարությունը միշտ հաղթում է: Մենք ի սկզբանե ասում էինք, որ պրոֆեսորը պետք է ազատ արձակվի: Դատավոր տիկին Մելիքսեթյանը առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց: Նրա վերաբերյալ ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ փաստաբանի, իրավաբանի, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդը, ով ամեն կերպ փորձեց, որ այս կալանավորումը պահպանվի, Լուսինե Աբգարյանն էր: Հարցրեք, թե Լուսինե Աբգարյանը քանի ծանր գործով կարողացել է դատավորին հարիր արդարադատություն իրականացնել: Հետո հարցրեք պարոն Վահե Միսակյանի արդարադատություն իրականացնելու մակարդակի մասին»,-ասաց նա:
Վարդեւանյանը տեղեկացրեց, որ Արմեն Չարչյանը վերցնելու է ԱԺ պատգամավորի մանդատը:
Չարչյանի պատտպաններից Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ Արմեն Չարչյանի տրամադրությունն ընտիր է. «15 մլն գրավը վճարելու պահից նա անհապաղ պետք է ազատ արձակվի»:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։