ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 715 ամուսնություն և 94 ամուսնալուծություն: Այս մասին հայտնում է ԱՀ արդարադատության նախարարություն՝ տեղեկացնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 607֊ով։
«Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 2021 թվականի առաջին կիսամյակում ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է 326-ով. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 987։ ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել է 6.952 գործողություն, որոնց քանակը, 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալների համեմատ, աճել է 4.236-ով: Նշված գործողությունների դիմաց գանձվել է 5.455.000 ՀՀ դրամ պետական տուրք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ գանձված պետական տուրքն աճել է 2.589.000 ՀՀ դրամով»,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ Արդարադատության նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Սաֆարյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ ԱՀ նոտարական գրասենյակների կողմից կատարվել են 9.167 նոտարական գործողություններ, որոնց դիմաց գանձվել է 9.667.000 ՀՀ դրամ պետական տուրք:
«Կատարված նոտարական գործողությունների ընդհանուր թվից 4.302-ը բաժին է ընկել Ստեփանակերտ թիվ 1, 2.276-ը' Ստեփանակերտ թիվ 2, 1.045-ը' Ասկերանի, 303-ը' Մարտակերտի, 871-ը' Մարտունու, 368-ը' Շուշիի նոտարական գրասենյակներին»,- հավելել է նա և ընդգծել, որ, 2020թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, նոտարական գործողությունների քանակն աճել է 2.931-ով, իսկ պետական տուրքը՝ նվազել 45.500 ՀՀ դրամով:
Ըստ ստացված տեղեկատվության՝ հաշվետու ժամանակաշրջանում ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կողմից հօգուտ պետական բյուջեի գանձվել է 15.213.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ գործակալության կողմից արտաբյուջե է մտցվել 2.824.300 ՀՀ դրամ: