Արցախի Հանրապետությունում բոլոր բուժհաստատությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Արցախի Հանրային ռադիոյի հաղորդմամբ, իրավիճակն արդեն բարդանում է ժամերի ընթացքում:
Ըստ ԱՆ կողմից հրապարկված վերջին տվյալների' «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա: Նրանցից 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը Արցախի Հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է' գրանցվել են դեպքեր, երբ երեխաները հիվանդանոց են բերվում ուշ և հիվանդությունն արդեն խորացած է լինում:
«Առողջապահության ոլորտի խորացող ճգնաժամն արդեն թողնում է տեսանելի հետևանքներ: Ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, թերսնման, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման և համապատասխան դեղամիջոցների բացակայութան պատճառով երեխաների առողջության վատթարացման դեպքեր:
«Արևիկ» բուժմիավորումը շուրջ 8 ամիս է, ինչ աշխատում է հատուկ ռեժիմով: Դադարեցված են պլանային վիրահատությունները, վառելիքի սղության պատճառով կան խնդիներ կապված հիվանդների տեղափոխման հետ' ասում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը:
«Բոլոր շտապ դեպքերը սպասարկվում են, բուժումները կազմակերպվում են լրիվ ծավալով: Կոնկրետ մեր բաժանմունքում հիմնականում բուժում են ստանում ինֆեկցիոն, վիրաբուժական բնույթի շտապ կարգով ընդունված հիվանդները: Նրանց վիճակը կարելի է գնահատել բավարար, քանի որ գործադրում ենք բոլոր ջանքերը բուժումը պատշաճ իրականացնելու համար: Դեղորայքի պակաս, իհարկե, կա: Նախ, դադարեցված են պլանային վիրահատությունները: Իսկ մնացած բոլոր բուժումները կատարում ենք խնայողական ռեժիմով»:
Վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներից երկուսը «Լեյշմանիոզ» ախտորոշմամբ են: Հիվանդությունը մարդուն է փոխանցվում Lutzomyia longipalpis տեսակի մլակների խայթոցի միջոցով, իսկ ժամանակին բժշկի չդիմելու և պատշաճ բուժում չստանալու դեպքում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը: Նախկինում այս ախտորոշմամբ հիվանդներն անմիջապես ուղեգրվում էին ՀՀ: Այսօր սահմանափակ դեղորայքով ստիպված են բուժումն իրականացնել տեղում: Մեսրոպ Մարգարյանը ներկայացնում է հիվանդության հիմնական ախտանիշներն ու կանխարգելման միջոցները:
«Առաջին հերթին բարձր ջերմությունն է, ինչի ֆոնին նկատվում է նաև դող: Ժամանակի ընթացքում երեխայի մոտ նկատվում է նաև լյարդի և փայծաղի մեծացում: Երեխայի մաշկը ընդունում է մոմագույն, դեղնավուն երանգ: Ի՞նչ պետք է անել, որպեսզի չհիվանդանան երեխաները: Կանխարգելման համար, իհարկե, առաջին հերթին ահնրաժեշտ է, որ թռչող միջատները երեխաներին չկծեն: Օրինակ, պատուհանների համար նախատեսված այս ցանցերը ցանկալի է, որ լիեն»:
Որո՞նք են հիվանդության զարգացման ռիսկերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում լեյշմանիոզի վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ հիվանդությունը տարածվում է երկրագնդի ամենաաղքատ բնակչության շրջանում և կապված է սննդի անբավարարության, մարդկանց տեղահանության, կենցաղային վատ պայմանների, թույլ իմունային համակարգի հետ: Այն ամենը, ինչն այսօր շրջապատում է մեզ:
Հուլիսի 25-ին Հանրապետությունում ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Մեսրոպ Մարգարյանի խոսքով այս պայմաններում բուժանձնակազմի պատասխանտվությունն ավելի է մեծացել: Նրանք բոլորը ոտքով, ժամանակին հասնում են աշխատանքի վայր: Վառելիքի բացակայության պատճառով շտապ օգնության մեքենաներն աշխատում են միայն ծայրահեղ դեպքերում: Երեխաները շրջաններից հաճախ ուշ են բերվում հիվանդանոց, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում:
Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է, իսկ իրավիճակը բարդանում է ժամ առ ժամ»,- գրում է Արցախի Հանրային ռադիոն: