Երեկվանից համացանցը քննարկում է Դուշանբեում կայացած ՀԱՊԿ երկրների ԱԳՆ և ԱԽՔ ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ դրոշի հետ տեղի ունեցած կազուսը: Բանն այն է, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դիմաց ՀՀ թարս դրոշ էր դրվել, ինչը, սակայն, աննկատ մնաց հայ պաշտոնյայի կողմից: Ինչ խոսք, անգամ եթե կազմակերպիչների կողմից դա արվել էր հատուկ, կամ անփութության նշան էր՝ Գրիգորյանը կարող էր ինքն ուղղել ՀՀ պետական սիմվոլիկան, մի բան, ինչը չարեց:

Ընդհանրապես, ՀՀ պաշտոնյաները անչափ ուշադիր են ՀՀ պետական սիմվոլիկայի հանդեպ: Դա է ապացուցում նաև ԱԱԾ պետի՝ Անվտանգության խորհրդի նիստին Կոլումբիայի դրոշով ներկայանալու հանգամանքը:

Նախկին իշխանության ներկայացուցիչները նույնպես չէին փայլում պետական սիմվոլիկայի հանդեպ հարգանքով: Երեկվա` ՀԱՊԿ նիստում տեղի ունեցած կազուսը պատահել էր նաև 2017 թվականին Ուզբեկստանում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի դիմաց դրված էր ՀՀ դրոշը՝ թարս, սակայն, նա նույնպես չի շտապել այն ուղղել:

Վարչապետ Փաշինյանը, ով հեղափոխությունից հետո արարատյան մաքսատան աշխատակցին հրապարակավ ազատել էր աշխատանքից՝ դրոշը անարգելու համար, ինքն էլ հետ չի մնում, վերջինս ՀՀ դրոշի գույներով զուգագուլպա էր կրում, ինչը նույնպես միանշանակ չէր ընդունվել հանրության կողմից:

Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ պաշտոնյաները  ՀՀ արժանապատվությունը բարձր են պահում միայն կենացների մակարդակով, մինչդեռ իրականության մեջ ականատես ենք լինում լրիվ այլ պատկերի: