Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը Սնանկության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել, ինչպես նաև արգելանք է դրվել նրան պատկանող գույքի վրա: Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ամերիաբանկը», քանի որ նա ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել:

Նշենք, որ դատարանի վճիռն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին, Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Մայիսի 25-ին «Ամերիաբանկ»-ը դիմել էր սնանկության դատարան Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջով:

Դատարանը ծանուցումներ էր ուղարկել Առաքել Մովսիսյանին դիմումում նշված պարտապանի բնակության և հաշվառման վայրի հասցեով: Ծանուցմանը դատարանը կցել էր դիմումը և որոշումը՝ պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով՝ «Չպահանջված»:

Նկատի ունենալով, որ Մովսիսյանը բացակայել էր իր բնակության (գտնվելու) վայրից և վերջինիս բնակության վայրը չէր բացահայտվել՝ դատարանը գտել էր, որ նրա և նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում: Ըստ որոշման, Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և հայտնել՝ որևէ գույք հայտնաբերելու դեպքում արգելանք կդրվի դրա վրա: