ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը ևս այսօր Ծիծեռնակաբերդում էր, եկել էր հարգանքի տուրք մատուցելու 102 տարի առաջ զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին:
Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով քաղաքականության մեջ իր դիրքի մասին, Մովսիսյանը նշեց՝ չնայած նոր խորհրդարանում չի հայտնվել, միևնույն է, շարունակելու է իր հին գործը. «Իմ համար ամենակարևորն այն է, որ երկրում խաղաղություն լինի»։
Հարցին՝ ինչո՞վ է զբաղված և որտե՞ղ է լինելու հետագա գործունեությունը, Առաքել Մովսիսյանը պատասխանեց.
«Ա, դե, դա թողենք իմ մեջ։ Ես՝ պարտադիր չի, որ պաշտոն ունենամ, կամ, օրինակ՝ վազում եմ պաշտոնի։ Ո՛չ, ես 27 տարվա մեջ զգում եմ իմ հանգստությունը: Մեծ բեռ հելավ իմ վրից էլի, նոր եմ սկսել հանգստանալ, հանգստանամ, հետո կհանդիպենք»։
Դիտարկմանը՝ որպես պատգամավոր շա՞տ էր աշխատում, հոգնե՞լ էր, Մովսիսյանը նշեց՝ ոչ միայն որպես պատգամավոր, պարզապես, հոգսերը շատ էին և ժամանակ չէր ունենում իր առօրյա կյանքով զբաղվելու. «Ժողովրդի հետ կապված լիքը հոգսեր կային, լիքը հարցեր կար, որ անլուծելի էին, օգնում էինք ժողովրդին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր կողմից արել է ամեն ինչ:
Անդրադառնալով հարցին, թե նորընտիր խորհրդարանն ավելի լավն են համարում, քանի որ այնտեղ չեն հայտնվել մի քանի դեմքեր, այդ թվում՝ նաև Առաքել Մովսիսյանը, պատգամավորն ընդգծեց՝ եթե մեկը տառապում է նրանով, որ անպայման պիտի խորհրդարանում լինի, ինքը նրանց չի հարգում. «Անփոխարինելի մարդ չկա, առաջինը ըտեղից սկսենք։ Ցանկացած տղա՝ պատգամավոր կլինի, թե պաշտոնյա, եթե իրա երկրում թեկուզ պատգամավոր չեղավ, բայց էս ազգից նեղացավ, ուրեմն՝ ինքը միայն պաշտոնի համար է ապրել»։
«Առանց իմ կարիքը ունենալու, ես իմ կուսակցության հետ շարունակում եմ, հիմա էլ քաղաքապետի ընտրություններով եմ զբաղված»,– խոսքը եզրափակեց պատգամավորը։