1994 թ. մայիսի 12-ին, երբ Ադրբեջանը կորցնելով վերահսկողությունը Արցախի տարածքի և շրջակա յոթ շրջանների վրա, գնաց պարտադրված զինադադարի, իրեն այնպես չէր պահում, ինչպես 44-օրյա պատերազմից հետո իրեն պահում է պարտված հայկական կողմը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Եթե Բաքուն ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ հակամարտ զորքերի շփման գծում տարիներ շարունակ աչքի էր ընկնում իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու սադրիչ գործողություններով և զուգահեռ վերականգնում գլխովին ջախջախված իր բանակը, ապա հակառակ դրան Երևանն այսօր իրեն դրսևորում է որպես (երևակայական) խաղաղության ջատագով:
Ստեղծված իրավիճակում թշնամի պետությունը ոչ միայն չի արձագանքում «խաղաղության դարաշրջանի» հաստատմանն ուղղված հայկական իշխանությունների «ջանքերին», այլև օր-օրի կոշտացնելով իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, մեզ կանգնեցնում է ավել բարդ ու դժվարին խնդիրների առաջ...
Եվ դա նրան հաջողվում է, քանի որ մեր ապիկար իշխանությունները, փոխանակ երկիրը պատրաստեն նոր ու ավելի դաժան առճակատման, որն, անկախ մեր կամքից, անխուսափելի է, առանց որևէ «թերացման» կատարում են ճիշտ այն, ինչ մեզնից պահանջում է թշնամին...
Արդյունքում հայտնվել ենք մի տարօրինակ կացության մեջ, երբ պետականությունն արժևորող մեր ժողովրդի գիտակից հատվածը սեփական ինքնիշխանությունը պահպանելու համար պարտադրված է պայքարել երկու ճակատով, որից գլխավորը, դժբախտաբար, արդեն ներքինն է, այլ ոչ այնքան արտաքինը...
Հ. Գ.- Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հակառակորդ երկրներից պարտվածը չի խորշել օգտվել հաղթողի դրական փորձից...», - գրել է Սենոր Հասրաթյանը։