Ժամկետային զինծառայող Արսեն Գրիգորյանը հանուն հայրենիքի պաշտպանության հասցրեց պատերազմել ընդամենը 1 օր, սակայն, դա չխանգարեց նրան նախքան կյանքը հայրենիքին զոհելը, թշնամուն մեծ թվով մարդկային կորուստներ տալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արսեն Գրիգորյանի ավագ եղբայրը՝ Արմեն Գրիգորյանը:

«Բոլորը սիրում էին եղբորս, չկար այնպիսի մեկը, որը ինչ-որ կոնֆլիկտ ունենար Արսենի հետ: Շատ բարի էր ու մաքսիմալ անկեղծ, նաև զգացմունքային էր»,- պատմեց Արմենը:

Հերոսը 2001 թվականի ծնունդ էր, նա ծնվել էր Ճարտարում, սակայն ապրել և մեծացել էր Մարտակերտում. «Եղբայրս շատ էր սիրում սպորտով զբաղվել, նա փոքր տարիքից զբաղվում էր ըմբշամարտով: Բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 9-ին: Իր գունդը բաղկացած էր սպորտով զբաղվող տղաներից: Իրենց վաշտը, այսպես ասած, արագ արձագանքման էր: Եղբայրս շատ գոհ էր ծառայությունից»,- ասաց Արմենը:

Վերջինս նշեց, որ Արսենին տեսել է սեպտեմբերի 24-ին, նրանք անգամ չէին էլ պատկերացնում, որ դա իրենց վերջին հանդիպումն էր լինելու. «Եղբորս տեսա, շատ լավ անցավ ամեն ինչ, շատ ուրախ էր, սիրտս տեղն ընկավ, բայց ո՞վ կպատկերացներ, որ դա վերջին անգամն էր, երբ տեսնում էի եղբորս...»,- ցավով նշեց հերոսի եղբայրը:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արսենը իր վաշտով գնում է Մատաղիս՝ տղաներին օգնության հասնելու: Շատ քաջ էր մարտնչում Արսենը. «Տղերքին հասավ նահանջի հրամանը, մինչև նահանջ տալը, նրանք որքան փամփուշտ որ ունեին, կրակել էին թուրքի վրա: Ամբողջ փամփուշտներն օգտագործելուց հետո միայն նրանք նահանջում են: Թշնամու արձակած անօդաչուն հասցնում է հարվածել նրանց մեքենային. 4-ը զոհվում են, այդ թվում նաև Արսենը...»,- ասաց Արմենը:

Հերոսի զոհվելու մասին առաջինը իմանում է հայրը՝ սեպտեմբերի 29-ին. «Ընկերս, ով ծառայում էր Մատաղիսում, հենց ինքն է հայտնում եղբորս մահվան մասին բոթը: Սեպտեմբերի 27-ից մենք փորձում էինք կապ հաստատել Արսենի հետ, սակայն ինքն անահասանելի էր, միայն սեպտեմբերի 29-ին իմացանք՝ զոհվել է, Արսենն այլևս չկա»,- ցավով ասաց հերոսի եղբայրը:

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրացավ հերոս Արսեն Գրիգորյանի մահվան տարելիցը:

Զվարթ Պետրոսյան