Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն' Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
«Հայաստանի Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից», - ասել է Ալիևը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
ՀՀ սահմանադրության հատկապես ո՞ր կետն է այդքան խանգարում Էրդողան-Ալիև տանդեմին: Սահմանադրությունը նախաբանում հղում է կատարում ՀՀ Անկախության հռչակագրի վրա, որը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է եւ այնտեղ միանշանակ հղում է կատարում նաեւ այն դրույթին, որն ասում է. «ՀՀ սահմանադրությունը սատար է կանգնում Արեւմտյան Հայաստանում եւ Oսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը»։ Այսինքն՝ պետության հիմնադիր փաստաթղթում պետության ստեղծման հիմնական նպատակներից մեկն ամրագրվել է' Հայոց Ցեղասպանության դատապարտման եւ ճանաչմանը սատար կանգնելու պարտավորությունը։ Կան նաև դրույթներ, որոնք կոչված են պաշտպանել հայ ազգի մշակութային ժառանգությունը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
Թերևս հենց այս հոդվածն է Ալիևը ցանկանում փոփոխել Նիկոլ Փաշինյանի ձեռքերով, ով վերջերս հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու ցանկության մասին: Կխմբագրի՞ արդյոք Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը Ալիևի և Էրդողանի սրտով, և կհրաժարվի արդյո՞ք դրանով Հայ Դատից, սա է հարցը: