Այո, ես նույն կարծիքին եմ, ժողովրդի ձայնի մասին խոսելիս ասել եմ, որ ցավոք, ժողովրդի մի զանգված հարմարվել է Ղարաբաղը հանձնելու հանգամանքի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրություններից հետո ինքը հայտարարել էր, որ խրամատավորվում են առաջին գծում, շարունակելու են իշխանափոխության պայքարը, եւ որ այս իշխանությունը 1,5 տարվա կյանք ունի:
«Իհարկե պայքարելու ենք եւ պայքարում ենք: Այդ 1,5 տարին բավական իրատեսական է: Պայքարելու ենք, ծավալելու ենք նաև փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասցնել, աշխատել նաեւ ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել: Դու չես կարող ակտիվ պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավմամբ: Դա պետք է ապահովել նաեւ քարոզչական աշխատանքով նույն ժողովրդի հետ: Երբ ասում են՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի եւ ասի՝ մեկ ժամից հետո հավաքվում ենք փողոցային պայքարի համար: Սա պրոցես է, որը պետք է գեներացնենք, եթե չկարողանանք, նշանակում է կամ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կամ ժողովրդի մեծ մասը այս ամենը մարսել է»: