Շուրջ 10 օր է' հայ վարորդները բեռնատարներով կանգնած են դեպի Լարս գնացող ճանապարհին, որի համար նրանց որևէ հիմնավորում չի ներկայացվում։ Նրանք ահազանգում են, որ չունեն այնտեղ այդքան երկար մնալու պայմաններ, և բացի դա բեռնատարներում հսկայական քանակությամբ ապրանքներ, կան որոնք փչանում են:

Վարորդները, նշում են, որ տեսնում են՝ ինչպես են վրացական և ադրբեջանական համարանիշներով մեքենաները ազատ անցնում, իսկ հայկական պետհամարանիշներով մեքենաներին, պարզապես, թույլ չեն տալիս։ Նրանք այն կարծիքին են, որ այդտեղ դիտավորություն կա, որ այդ քայլով փորձում են շրջափակել Հայաստանը:

Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Հարությունյանի հետ, ըստ որի, խնդիրն առաջացել է ռուսական կողմի՝ Լարսի անցակետի ռուսական հատվածում շինարարական աշխատանքների արդյունքում.

«Խնդրից տեղյակ ենք, այն գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Շինարարական աշխատամնքներ են իրականացվում ճանապարհի լայնացման համար և այդ աշխատանքներով է պայմանավորված, որ ավելի քիչ թվով բեռնատարներ են անցնում, հենց այդ պատճառով էլ կուտակումներ են առաջացել»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչպես են անցակետը հեշտությամբ հատում թուրքական և ադրբեջանական հմարանիշներով մեքենաները, Սոնա Հարությունյանը պատասխանեց. «Մենք այդպիսի տեղեկություն չունենք, ես գիտեմ, որ կուտակումների մեջ սպասողները և՛ հայկական, և՛ վրացական, և՛ թուրքական բեռնատարներ են: Մենք չունենք տեղեկություն այն մասին, որ խտրական վերաբերմունք են ցուցաբերում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա նաև հավելեց, որ Նախարարությունը բանակցություններ է վարում Հյուպատոսության հետ, որպեսզի առաջնահերթություն տրվի այն բեռնատարներին, որոնք փչացող բեռներ են տեղափոխում. «Իրենք զբաղվում են այս խնդրի լուծմամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը: