Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի ներքաշվի Իրանի դեմ որևէ դավադիր գործողության մեջ: Ուշագրավ է, որ այս հայտարարությունը արվում է ադրբեջանա-իրանական հարաբերությունների գերլարվածության ֆոնին, որոնք կարող են ամեն պահի վերածվել լայնածավալ պատերազմի:
Սակայն, Փաշինյանն ու թիմը, ովքեր այս օրերին բարեկամական մեսիջներ են հղում Իրանին, միշտ չէ որ նույնչափ բարեկամաբար էին տրամադրված հարևան երկրի նկատմամբ և թերևս այս հանգամանքը Թեհրանում որևէ մեկը չի մոռացել:
Մասնավորապես՝ ԱԺ ամբիոնից Իրանը ավտորիտար պետություն անվանած Հայկ Կոնջորյանը այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է: Էկոնոմիկայի նախարարը, ում այցը Իրան ավարտվել էր սկանդալով և իրանական ավանդույթների կոպիտ անարգանքով, դեռ իր պաշտոնում է: Նույն Փաշինյանը հայտարարում էր, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ հայ-իրանական սահմանը կփակվի, իսկ այդ իրավիճակը, ավելի ճիշտ տվյալ սցենարի ռիսկը այսօր ավելի քան իրական է: Ընդ որում, այս ամենը հետևել էլ դեռ այն ժամանակ՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի ակնարկին, որ Հայաստանը արևմուտքի օժանդակությունը ստանալու համար պետք է վերանայի իր հարաբերությունները հարևան երկրների հետ՝ նկատի ունենալով հենց Իրանը: Դեռևս այս տարվա հուլիսին ՏԿԵ նախարարի տեղակալը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան 400 կՎ 3֊րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ավարտին կհասցվեն այս տարվա վերջում։ Մինչ այս պահը չկա որևէ տեղեկություն, թե որ փուլում են այդ աշխատանքները: Նախագիծը պետք է ավարտված լիներ 2019 թ.֊ին, այնուհետև ժամկետը տեղափոխվեց 2020 թ, ինչը նույնպես բարեկամական ժեստ չես անվանի, թեև իշխանությունները դա կապում էին քովիդի հետ: