Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը վերջին շրջանում պատեհ և անպատեհ առիթներն օգտագործում է՝ գովելու իր կառուցած դատական համակարգը և վկայակոչելու այն հանգամանքը, որ երբեք դեռևս դատարանները և դատավորները չեն եղել այսքան անկախ, Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը ՀՀ կառավարության հետ, մեղմ ասած, համաձայն չէ:
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է սույն թվականի սեպտեմբերի 22-ին, ուղղակիորեն արձանագրվել է, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցման պրակտիկան չի դադարեցվել, իսկ դատավորների նկատմամբ այդ պրակտիկան անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ (78-րդ կետ): Ավելին' արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ պետք է նախատեսված լինի, հատկապես դատավորների լիազորությունների դադարեցման դեպքում (43-րդ կետ):
Այսինքն՝ զեկույցը հստակ փաստում է, որ ՀՀ կառավարությունը դատարանների անկախության իր թեզում բաժակաճառերից այն կողմ չի անցել և իր բոլոր հայտարարությունները դատական իշխանության անկախության մասին ընդամենը պարզ մանիպուլյացիա են, որով փորձ է արվում խաբել սեփական հանրությանը: Եթե սեփական հանրությանը խաբել դեռևս ստացվում է՝ նույնը չենք կարող ասել եվրոպական կառույցների մասին, որոնք վերջին շրջանում բացահայտում են ՀՀ կառավարության մանիպուլյացիաները և ստերը:
Ի դեպ, ուշագրավ է, որ տարատեսակ զեկույցներ իրենց պատերին դնող և տարածող ՔՊ-ական պաշտոնյաներն այս անգամ լռում են: Թերևս, ձեռնտու չէ: