Կառավարության ֆեյսբուքյան էջը հուլիսի 7-ին գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է 2.7 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն ավելացել է 1.5 տոկոսային կետով։ Կառավարության այս պնդումը որոշակի մանիպուլյացիոն տար է պարունակում:
Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում եղել է 943,800 զբաղված անձ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղվածների թիվը 946,000 էր։ Ստացվում է, որ նախորդ տարի Հայաստանում զբաղվածների թիվը 2200-ով ավելին էր, քան այս տարի։ Անշուշտ, հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող ենք զբաղվածների թվի նվազման դեպքում ունենալ զբաղվածության մակարդակի աճ։
Պատասխանը ստանալու համար պետք է խորանալ թվաբանության մեջ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում աշխատուժը կազմում էր 1 մլն 178,800 մարդ, իսկ գործազուրկ էր 232,800-ը։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածում գործազրկության մակարդակը կազմում էր 19․7 տոկոս: Արդեն 2021-ի նույն ժամանակահատվածում աշխատող անձանց քանակը դարձել է 1 մլն 136,800 մարդ։ Քանի որ այս տարի գործազուրկների թիվը կազմել է 193,000 մարդ, ապա գործազրկության մակարդակը կազմում է 17 տոկոս: Ստացվում է, որ գործազրկության մակարդակի նվազման և զբաղվածության մակարդակի աճի հիմնական պատճառը աշխատանքային ռեսուրսների և աշխատուժի նվազումն է, ինչի մասին կառավարությունից մոռացել են տեղյակ պահել և ընդգծել՝ գործազրկության թվի կրճատումը իրականում ինչի հաշվին է տեղի ունեցել: Հակառակ դեպքում` տպավորություն է ստեղծվում, որ այդ նվազման հիմքում կառավարության չարքաշ աշխատանքն է ու անմարդկային ջանքերը: