Երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արել էր հետևյալ հայտարարությունը:
«Գիտեք, որ 2020թ․ դեկտեմբերին մենք իրականացրինք ՀՀ ԶՈՒ դիրքերը ՀՀ-ի՝ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, եւ այն իրականացվել է՝ ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար։ Խնդիրն այն է, որ այս համատեքստում 2010թ․ ՀՀ ԱԺ ընդունած վարչատարածքային բաժանման մասին օրենքում արձանագրված է, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին։ ԽՍՀՄ ժամանակ այդ հատվածում խորհրդային ՀՀ-ի եւ խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետո վերածվել է պետական սահմանի եւ այս իրողությունն է ընդունվել որպես հիմք»:
Ակնհայտ է, որ նման պնդում անելով' Փաշինյանը կրկին փորձում է սլաքներն ուղղել նախկին իշխանությունների կողմը և իր կողմից իրականացվող քայլերը հիմնավորել վարչատարածքային բաժանման մասին օրենքով' ցույց տալով, որ գործում է օրենքի, ընդ որում՝ նախկինների կողմից ընդունված օրենքի սահմաններում:
Սակայն, բանն այն է, որ Փաշինյանի կողմից հիշատակված օրենքն ընդունվել է ոչ թե 2010, այլ 2015 թվականին: 2010-ին տվյալ օրենքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Տվյալ օրենքով Ադրբեջանի հանրապետության հետ սահմաններ չեն ֆիքսվել այն պարզ պատճառով, որ այդ օրենքը նման կարգավորումներ ընդհանրապես չի ենթադրում՝ դրանով ամրագրվում և նկարագրվում է ոչ թե երկրի արտաքին-պետական, այլ' ներքին սահմանները՝ համայնքների: Իսկ Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունը չունի սահմանների վերաբերյալ որևէ կնքված պայմանագիր: