Կառավարության գրեթե յուրաքանչուր նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հպարտանալու՝ բյուջեի հավաքագրված եկամուտների կտրուկ աճով: Հավաքագրված հարկերի աճը հիմնականում ներկայացվում է այն համատեքստում, որ տնտեսությունը վերականգնվել ու լրացուցիչ հարկեր է գեներացրել: Երբ կառավարության նիստերին հայտարարվում է, որ հարկերը ավելացել են, բայց չի նշվում, որ դրա կարևոր մի մաս՝ մի քանի մլրդ դրամ դրոշմանիշային վճարի հաշվին է գոյացել, իրական պատկերը խեղաթյուրվում է: Եվ հարցը ոչ թե այդ գումարների կարևորությունն է, այլ այն, որ դրանք բյուջե չեն ուղղվում:

Բացի դա, կառավարության ղեկավարի կողմից առկա են մի շարք այլ մանիպուլյացիաներ, որոնց վրա լույս սփռեց անձամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա հարցազրույցիներից մեկի ժամանակ չհերքեց, որ բյուջեի եկամուտների աճին նպաստել է նաև ռեկորդային գնաճը:

Դիցուք՝ ԱԱՀ-ի գծով աճին նպաստել է երկրում գրանցվող բարձր գնաճը։ Որքան թանկ են ապրանքները, այնքան ավելի բարձր ԱԱՀ է գանձվում դրանց գծով։ Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր բնակչության մի մասը գործազուրկ է՝ 17-18% է, և ունենք աղքատության բարձր՝ 27% մակարդակ, գնաճի ազդեցությունը շատ մեծ է լինում։ Թոշակառուները, սոցիալապես անապահով խավը գնաճը զգում են ոչ թե 7%-ով, այլ շատ ավելի բարձր։ Գնաճը գնողունակության անկում է ենթադրում, բայց երբ գները աճում են, միմիայն կարճաժամկետ հատվածում, ավելանում են հարկային եկամուտները։ Իսկ երկարաժամկետ հատվածում չեն ավելանում, որովհետև բնակչության գնողունակության անկման պատճառով մարդիկ սկսում են ավելի քիչ օգտվել տվյալ ապրանքից կամ ծառայությունից։ Կամ ձեռք են բերում փոխարինող ապրանքներ: Այսպիսով՝ չհերքելով գնաճի ազդեցության հանգամանքը, Բադասյանը, ըստ էության, բացահայտեց Նիկոլ Փաշինյանի բացահայտ մանիպուլյացիան:

Որքան էլ մեծ լինի գայթակղությունը ամեն ինչ փորձել բացատրել աճող տնտեսությամբ կամ լավ վարչարարությամբ, պետք է խորանալ և հասկանալ իրական աղբյուրները՝ գնաճ, օրենսդրական փոփոխություններ, համեմատական մեծություններ, իսկ խորանալու դեպքում վեր են հանվում պաշտոնյաների բազմաթիվ մանիպուլյացիաներ, կամ՝ եթե կուզեք՝ ինքնախաբեության և հանրությանը մոլորեցնելու փորձեր...