որիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով, ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: «Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշել է Բադասյանը:

Փաստենք, սակայն, որ այս հարցում Բադասյանի հետ կարելի է և նույնիսկ պետք է վիճել: Հարկ է հիշեցնել, որ անկախության տարիներից ի վեր չի եղել դեպք, որ սահմանափակվի կամ արգելվի Իրանի հետ ավտոմոբիլային կապը։ Ներկայումս առկա չէ գործող որևէ այլընտրանքային ճանապարհ, որը թույլ կտա ապահովել անվտանգ և անխափան տրանսպորտային կապ երկրների միջև։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի այս ռիսկային իրավիճակը կարող է լուրջ վնասներ հասցնել Հայաստանի տնտեսությանը, քանի որ այս ճանապարհներով են նաև փոխադրվում ասիական երկրների բեռները, մասնավորապես՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։

Այսօր էլ նկատվում է Հայաստանից դեպի Իրան արտահանման ծավալների նվազում։ Հայաստան-Իրան տարեկան արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար։ Շուրջ 90 մլն դոլարի ապրանք Հայաստանից արտահանվում է դեպի Իրան, որի մոտ 80 տոկոսը էլէկտրաէներգիա է (այս դեպքում ճանապարհ հարկավոր չէ), իսկ մնացածը՝ մետաղի ջարդոն, միս, ծխախոտ և այլն։ Իսկ Իրանից Հայաստան ներկրվում է շուրջ 310 մլն դոլարի ապրանք՝ բնական գազ, շինանյութեր, նավթամթերք, ցեմենտ, պոլիմերներ և այլն։ Այսինքն՝ ճանապարհների հետ կապված այս խոչընդոտներից էապես կարող է տուժել Իրանից ապրանքների ներկրումը։ 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանից համախառն արտահանումն աճել է 23,3 տոկոսով, այն դեպքում, երբ մեզ սահմանակից երկիր՝ Իրան արտահանումը նվազել է 21 տոկոսով։ 2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից Իրան արտահանումը նվազել է 17.7%-ով, իսկ դա կարող է բացատարվել հենց Գորիս-Կապան ճանապարհահատվածի անվտանգային խնդիրներով: Գուցե այս հանգամանքը կրիտիկական ազդեցություն չի թողնում երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա, սակայն հերքել որ այդ ազդեցությունը, այն էլ բացասական երանգավորմամբ, առկա է՝ մեղմ ասած ճիշտ չէ: