Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցներից՝ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումի մասին հարցին։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշեց, որ դիմումի հետ կապված հնարավոր է մի քանի սցենար:
«Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրեակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։
Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշներով, կարծում եմ՝ ելքը պարզ է», -ասաց նախարարը։