Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար եւ կարեւորել ռազմավարական բարեփոխումների իրականացման գործընթացում էական ներդրում ունեցող, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը:
Դեբորա Գրիզերը եւս բարձր է գնահատել Հիմնադրամի աշխատանքը, Արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը եւ վերահաստատել Հայաստանի կառավարությանը հատկապես հակակոռուպցիոն պայքարում օժանդակելու պատրաստակամությունը:
Զրույցի ընթացքում նախարար Բադասյանը ներկայացրել է Նախարարության առաջնահերթությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, ոստիկանության ոլորտի բարեփոխումներ եւ ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ քննարկել նշված ուղղություններով համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին աջակցելուն եւ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղղված մի շարք հարցերի: