ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն օգոստոսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Ուկրաինայի դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ռոման Իգոր Սվյատոսլավովիչը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին' նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, և այդ հարաբերությունները պահպանվում են' անկախ Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից: Որպես համագործակցության ուղղություններ' նախարարն առանձնացրել է զբոսաշրջության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները' նշելով, որ հետագայում ևս ակնկալում է սերտ համագործակցություն այս ոլորտներում:

 

Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, իր հերթին շնորհակալություն հայտնելով նախարարի հետ հանդիպման համար, հայտնել է, որ չնայած Ուկրաինայում առկա քաղաքական իրավիճակին, նոր կառավարությունը փորձում է հնարավորինս արագ վերականգնել աշխատանքները և կատարել կառավարության կառուցվածքային բոլոր փոփոխությունները, ինչը հնարավորություն կընձեռի վերականգնել հարաբերությունները այլ երկրների հետ: Անդրադառնալով Հայաստանի հետ Ուկրաինայի տնտեսական հարաբերություններին' դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկր ները համագործակցության եզրեր կգտնեն' անկախ երկրների' տարբեր միություններին միանալու հանգամանքից:

 

Կողմերը համակարծիք են եղել, որ պետք է առավել արդյունավետ օգտագործել համագործակցության հնարավորությունները. նման հնարավորություն է նաև հոկտեմբերին նախատեսված հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել է նաև ավիացիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կներկայացնի համագործակցության փաթեթը, որից հետո ուկրաինական կողմը հանդես կգա առաջարկներով: