ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը երեկ հայտարարել էր, որ Հայաստանի օդային տարածքը երբեք էլ փակ չի եղել Ադրբեջանի համար: Նա, մասնավորապես, նշել էր, որ հենց Ադրբեջանն է 2013 թվականին իր նախաձեռնությամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները, որպեսզի տնտեսական վնաս հասցնի մեզ (օդային տարածքի օգտագործումը ենթադրում է որոշակի վճարներ), իսկ երեկվանից էլ որոշել է վերսկսել Հայաստանի օդով ավիափոխադրումներ իրականացնելը։
Լիլիթ Մինասյանի հետ, սակայն, համաձայն չեն ոլորտի մասնագետները: Մասնավորապես, Հակոբ Ճաղարյանը, ով օդաչու է, ՀՀ առաջին մասնավոր՝ «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիրը և վարչապետի արդեն նախկին խորհրդականը, հայտարարել է, որ Ադրբեջանը 2000-ականներին միակողմանիորեն փակել է իր օդային տարածքը հայկական օդանավերի համար, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էլ, համապատասխան որոշմամբ, փակել է ադրբեջանական օդանավերի համար մեր օդային տարածքը: «Որեւէ իրավական փոփոխության համար պետք է ստորագրվի իրավական փաստաթուղթ: Եթե կա այդպիսի փաստաթուղթ, թող դա ներկայացնեն, հակառակ դեպքում թող չխոսեն, որ երբեւիցե փակ չի եղել»,-ասել է նա:
Ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է իրական փաստերը՝ իրականությունն իշխանություններին անհրաժեշտ լույսի ներքո ներկայացնելու համար: