Ֆրանսիայում հոգևորականների և կրոնական գործիչների կողմից 1950-ից մինչև 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում սեռական բռնության զոհ են դարձել առնվազն 216 հազար անչափահաս: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը` վկայակոչելով եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովի ղեկավար Ժան Մարկ Սովենին:
«Բնակչության շրջանում անցկացված հետաքննությունը պարզել է, որ Ֆրանսիայի 18-ից բարձր տարիքի բնակիչների շրջանում՝ 216 000 մարդ, իրենց անչափահասության տարիքում սեռական բռնության են ենթարկվել հոգևորականների և կրոնական գործիչների կողմից»,- հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Սովեն՝ ներկայացնելով հանձնաժողովի համապատասխան զեկույցը:
Նա նշել է, որ խոսքը միայն այն զոհերի մասին է, որոնք այսօր ողջ են: «Այն զոհերը, որոնք այսօր կյանքում չկան, իհարկե, հաշվառված չեն»,- ասել է նա:
Եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովը Ֆրանսիայում ստեղծվել է 2019 թվականին: