Չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութով պատվաստված մարդիկ փորձել են երկրորդ դեղաչափը ստանալ, նրանց ասվել է, որ պատվաստանյութ չունեն: Պատվաստանյութի բացակայությունը առողջապահության նախարարությունը փորձել է արդարացնել պատվաստվողների թվի աճով ու արտադրական գործընթացով, ինչպես նաև Հայաստան եկող չվերթների սակավությամբ, այսինքն՝ պատվաստանյութ չկա, քանի որ Հայաստան եկող ինքնաթիռ չկա: Չնայած առողջապահության նախարարության հավաստիացումներին, որ երկրորդ ներարկման ուշացումը որևէ վտանգ չի պարունակում և պատվաստանյութի ազդեցությունը չի նվազեցնում, այնուամենայնիվ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրորդ ներարկման համար ժամկետ է սահմանում 21 օրը, և բոլոր պատվաստանյութերի «ինստրուկցիաներում» կոնկրետ ժամկետ է ցուցված, թե երբ է պետք անել երկրորդ ներարկումը: Եթե ոչ մի նշանակություն չունենար օրը' ցուցումներում օր չէր նշվի:
Իսկ հիմա ամենակարևոր հարցը՝ իսկ ինչո՞ւ է սպառվել «Սինոֆարմը», եթե Չինաստանը ՀՀ-ին նվիրել էր ավելի քան 200 հազար դեղաչափ: Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել էր' 244 374, երկրորդ դեղաչափ' 133 031 մարդ։ Այսինքն' ի՞նչ է ստացվում. ՀՀ-ում պատվաստվածների 90 տոկոսը նախընտրել է հենց չինական վակցինան և այդ պատճառով է այն այդքան արագ սպառվել: Համաձայնեք՝ քիչ հավանական է: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ անհավանական ֆոկուսներ են տեղի ունենում նախարարությունում, որի արդյունքում այդ չափի դեղամիջոցն օրը ցերեկով սպառվում է: Իսկ գուցե նախարարությունից ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, երբ նոր խմբաքանակի ներկրումը այնքան կձգձգվի, որ երկրորդ դեղաչափը ստանալու փաստի առաջ կանգնած քաղաքացիները ստիպված կլինեն պատվաստվել մեկ այլ պատվաստանյութով՝ օրինակ' «ԱստրաԶենեկա»-ով: Որևէ տրամաբանական մարդու մտքով, իհարկե, չի անցնի քաղաքացիների կյանքն այդչափ վտանգել, սակայն, արդեն իսկ հասկացել ենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի քայլերը և որոշումները միշտ չէ, որ ենթարկվում են որևէ տրամաբանության: