Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտնել է, որ դեկտեմբերի 1-ից, ամենայն հավանականությամբ, աշխատող քաղաքացիների համար պարտադիր թեստավորման պահանջը կգործի ոչ թե 15 օրը, այլ 7 օրը մեկ: Ինչպես երևում է՝ սա միակ տարբերակն է քաղաքացիների պատվաստման մղելու և, իհարկե, բյուջեի եկամուտները ապահովելու համար:
Նախարարությունն առանձնապես չի մտածում այն մասին, որ լաբորատորիաները շարունակում են քաղաքացիների գրպանի հաշվին գերշահույթներ ապահվել, այսօր արդեն մամուլը գրել էր, որ վերջիններս հրաժարվում են կոլեկտիվ հայտեր ընդունել, իսկ դա նշանակում է, որ մեկ թեստի արժեքը քաղաքացիների համար տատանվելու է 15-20 հազարի սահմաններում: Աշխատող մեկ ընտանիքի անդամը ամսական մինչև 80 հազար դրամ կարող է վճարել միայն թեստերի վրա, արդյունքում՝ լաբորատորիաները, որոնք արդեն իսկ մտել են 1000 խոշոր հարկ վճարողների ցանկ, այդ ցանկում կարող են բարելավել իրենց դիրքերը՝ ընդհուպ տասնյակում հայտնվելով: Եթե նախարարի նպատակը համավարակի դեմ պայքարն է, ապա միանշանակ սխալ գործիքակազմ է ընտրված, եթե նպատակն առանց այդ էլ գնաճից կեղեքվող քաղաքացիների գրպանին խփելն է, ապա նախարարին իր փայլուն, սակայն ոչ այնքան կրեատիվ գաղափարի համար կարելի է միայն ծափահարել: