Կառավարությունը երեկ, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու և կառավարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցին: Ըստ այդմ՝ գործադիրը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա 17 միլիոն 137.000 դրամ կհատկացնի «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ին՝ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային փուլի միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Աղաբալյանն Էդուարդ Աղաջանյանի մտերիմ ընկերն է:

Աղաբալյանի ընկերությունը 2019թ. Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Վանաձորում կազմակերպելու համար պետական բյուջեից ստացել է 2,150,000 դրամ, «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպմամբ զբաղվելու դիմաց` 17,880,000 դրամ: «EX production event»-ը ներգրավված է եղել 2018թ. ՀՀ Անկախության օրվա, Կառավարության գործունեության 100 օրվա, WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման և պետական ֆինանսավորմամբ կազմակերպված այլ միջոցառումների տեխնիկական աշխատանքներում:

Հեղափոխությունից հետո Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ղազարյանն իր էջում գրառում էր կատարել։ Նա վստահեցնում էր, որ Սերժ Թանկյանի համերգը, որը, ինչպես հայտնի է, նախատեսված էր հունիսին System of a Down խմբի եվրոպական տուրնեի շրջանակներում, կազմակերպելու է հենց Գեւորգ Աղաբալյանը։

«EX production» անվան ներքո գործող «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի ներգրավումը հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպմանը նույնպես պատահական չէր: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման համար նա 7,770,000 դրամ է ստացել պետբյուջեից: Բացի այդ, հենց «EX production»-ի սպիտակ տաղավարներն են օգտագործվել «White Shorja» լողափում:

Գևորգ Աղաբալյանն ու նրա ընկերությունը ակտիվ մասնակցություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին, Փաշինյանի ղեկավարած դաշինքի դրամահավաք երեկոյին և «Այո»-ի քարոզարշավին:

Հիշեցնենք, որ լավագույն ավանդույթների՝ միլիոնավոր դրամների հասնող պետական գնումների պայմանագրեր կնքելու արատավոր և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործելաոճի համաձայն` ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման համար 8 միլիոն 200 հազար դրամի պայմանագիր էր կնքել «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի հետ, ապա կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ պայմանավորված` լուծել այն:

Աղաբալյանի ընկերությունն անգամ զբաղվել է 2018թ. մայիսին կառավարական առանձնատանը շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ սահմանամերձ համայնքների շրջանավարտների վերջին զանգի միջոցառման կազմակերպմամբ: Միջոցառումն անցել է Աղաբալյանի մտերիմների՝ Հայկ և Նաիրի Սարգսյանների ներկայությամբ: Միջոցառմանը ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը:

«Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մյուս ընկերոջը՝ Ալեքսանդր Մհերյանին, ում ֆեյսբուքում կարելի է գտնել Sash Mheryan անունով: Այս ընկերությունը, ըստ ընկերության հիմնադրի ֆեյսբուքյան էջի, այլ միջոցառումների պատվերներ ևս ստացել է պետությունից։ Նախկինում կազմակերպված միջոցառումների համար պետությունից ստացած միջոցների մասին այս պահին հստակ թվեր չկան, սակայն խնդիրն անպայման կլինի կայքի ուշադրության կենտրոնում։

Տոնական միջոցառումներ կազմակերպող ընկերությունների թվում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ևս պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերներին։ Այս ընկերությունը կազմակերպել է Երևան քաղաքի տոնական միջոցառումները, որի համար ստացել է ավելի քան 25 մլն դրամ։