Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։ Մեկնաբանություն ստանալու համար ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի Արման Հովակիմյանի հետ։ Վերջինս ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրը՝ խուսափելով պատասխանից․ «Ես մեկնաբանություն չեմ տալիս։ Նախարարության մամուլի խոսնակի հետ զրուցեք»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը, սակայն նշեց՝ մանրամասն տեղեկությունների չի տիրապետում, գիտի այնքանով, որքանով բոլորը․ «Մենք ևս շահագրգռված ենք, որպեսզի ցանկացած չարաշահում բացահայտվի։ Կարծում եմ՝ իրավապահներն իրենց անելիքը գիտեն, մեր կողմից էլ ստացած ցանկացած բողոք, ահազանգ կփոխանցվի համապատասխան մարմիններին»,- ասաց նա։
Թե ի՞նչ է փնտրել և հայտնաբերել ԱԱԾ-ն, Խաչատրյանը ասաց՝ չգիտի, տեղեկություններ չունի նաև տարածված լուրերի մասին, ըստ որոնց՝ պատվաստման կեղծ անձնագրեր տրամադրելու դեպքեր են հայտնաբերվել։
Նշենք, որ օրերս կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց նաև ուժային կառույցներին՝ հորդորելով պատասխանատվության ենթարկել պատվաստման կեղծ փաստաթղթեր հատկացնողներին։ Վերջերս ԱԱԾ-ն մեկ դեպքի մասին էր հայտնել, երբ պոլիկլինիկայի բժիշկը գումարի դիմաց քաղաքացուն պատվաստման կեղծ սերտիֆիկատ էր տրամադրել։
«Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը. կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալե'ք, կալանավորե'ք», - հանձնարարել էր Փաշինյանը։