Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հանդիպմանը նախ հումանիտար հարցերին լուծում տալու, հայ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՝ անդրադառնալով Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպումներին:

Միրզոյանը նախ փաստեց՝ ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն այս ֆորմատով խաղաղ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում:

«Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ նախ քննարկել և փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհետ կորած զինվորների և քաղաքացիական աձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, աշխատանքներն այդ ուղղությամբ, ադրբեջանական վերահսկողության տակ մնացած հայկական մշակութային հուշարձաններին հասանելիությունը և մի շարք այլ խնդիրներ, ապա հետագայում ձեռնամուխ լինել համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի՝ ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին»,- ասաց Միրզոյանը:

Նյու Յորքում կայացած հանդիպումների շրջանակում խոսվել է Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի նախապատրաստման մասին: Մոտ օրերս այս հարցի վերաբերյալ հստակեցում կլինի:

Իսկ հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և նրանց հետ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հետագա հանդիպումներ սպասվո՞ւմ են, արդյոք, Միրզոյանն ասաց, որ ձեռք է բերվել առնվազն պայմանավորվածություն՝ գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու:

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձնում հայ գերիներին: