Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Պաշտպանի խոսքով՝ ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն կարող պատասխանել՝ արդյոք պիտանի են ձեռք բերված հրթիռները, թե ոչ, քանի որ դրա համար հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետներ են անհրաժեշտ․ «Մինչ օրս փորձաքննություն չի արվել։ Մեզ համար զարմանալի է, որ նախաքննության մարմինը մեզ հայտնեց, որ փորձաքննությունը թողնվել է անկատար և դեռ չգիտենք նոր փորձաքննություն կլինի, թե՞ ոչ։ Եթե անգամ նման փաստաթղթեր կան, ապա պարտավոր են մեզ ծանոթացնել, մենք այսօր այդ մասին միջնորդություններ կներկայացնենք։ Հարցը նրանում է, որ հայտարարում են, թե զինամթերքն անպիտան է և ընդունում են, որ դրա անպիտան լինելու հարցը հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարց է, նշանակում են փորձաքննություն և այսօր պարզվում է, որ փորձաքննությունը թողել են անկատար», - նշեց Հարությունյանը։
Նա ընդգծեց՝ այդ հրթիռները Գալստյանի ղեկավարած ընկերությունից գնել են ոչ միայն Պաշտպանության նախարարությունը, այլև նաև այլ երկրներ. «Եթե դրանք անպիտան էին, ինչպե՞ս է ստացվել, որ բացարձակ օրինական հիմքերով ՀՀ-ից մատակարար ընկերությունը վաճառել է այլ երկրների»,- ասաց փաստաբանը։
Ավելի վաղ, Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե անպիտան հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն Պաշտպանության նախարարությունը գնել էր միայն դրանց 30 %-ը, իսկ 70 %-ի համար գումար չէր վճարվել։ Իսկ անպիտան հրթիռները տեղափոխվել են նախարարության պահեստ՝ մատակարարի խնդրանքով։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Նշենք, որ Դավիթ Գալստյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որի շրջանակներում պաշտպանները վիճարկել են թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայությունը։ Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել:
Սոնա Հարությունյան