իմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը՝ ԿԳՄՍ-ն հայտնեց, որ աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են ևս մեկ շաբաթով: Մինչև նոյեմբերի 15-ը դպրոցներն ու բուհերը անցում կկատարեն հեռավար ուսուցման համակարգին: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, որն ասաց ՝ դժվար է որոշել, թե որն էր ճիշտ ժամանակը դպրոցների ու համալսարանների հեռավար ուսուցմանն անցնելու համար: 

Նա ասաց, որ կորոնավիրուսային վարակի թվերի աճը պայմանավորված է նաև ուսանողների համալսարան հաճախելուց. «Հատկապես համալսարանները բավականին մեծ դեր են ունենում վիրուսի տարածման գործում, որովհետև դպրոցները հիմնականում թաղային հիմնարկներ են, այսինքն՝ երեխաների մեծ մասը ոտքով է գնում կամ ծնողների ավտոմեքենայով, սակայն բուհերի դեպքում այդպես չէ: Ուսանողները գալիս են ամենատարբեր մարզերից, օգտվում են ինչպես քաղաքային տրանսպորտից, այդպես էլ մարզային, նստում են մեծ խմբերում, և բացի թվարկածներիցս բուհերում ընդհանարապես չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները»,- նշեց փորձագետը:

Սերոբ Խաչատրյանն այն կարծիքին է, որ եթե առավել շուտ անցում կատարվեր հեռավար ուսուցման, ապա վարակի այսպիսի մեծ թվեր չէին լինի. «Այս ընթացքում բուհերը 3 անգամ բացվեցին և 3 անգամներն էլ համալսարանների բացվելուն պես կորոնավիրուսային վարակի թվերի մեծ աճ գրանցվեց: Ուսանողները մեր ամենամոբիլ հատվածն են և, լինելով երիտասարդ, իրենք հաճախ առանց սիմպտոմների են տանում վիրուսը և կարող են անգամ չիմանալ, որ վարակակիր են: Այս ամենը, իհարկե, խթանում է կորոնավիրուսային վարակի թվերի աճը: Բուհերի պարագայում կարծում եմ, որ այն թվերը, որոնք այսօր ունենք մեզ այլ տարբերակ չեն թողնում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ դպրոցներում գոնե մարդկանց մեծամասնությունը դիմակ կրում է, իսկ համալսարաններում ոչ մեկը չի հետևում որևէ կանոնի:

Փորձագետն ասաց, որ այսօր գտնվում ենք այն կետում՝ առողջությունը դառնում է գերակա, իսկ կրթությունը մղվում է երկրորդ պլան. «Եթե ցանկանում էինք, որ հեռավար ուսուցում չլիներ, ապա պետք է ավելի գզուշավոր լինեինք, կանոնները պահեինք, հիմա այսքանը չենք արել, բնականաբար պետք է կրթությունը տուժի, իսկ առողջապահությունը դառնա առաջնային»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս համոզված է, որ հեռավար ուսուցումը կրթական որակի վրա շատ վատ ազդեցություն է ունենում: Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հեռավար ուսուցման ժամանակ, որ կրթական համակարգը, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ հատկապես կարևոր է, թե ինչպես իրենց կդրսևորեն ուսուցիչն ու դասախոսը. «Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ ուսուցիչներն ու դասախոսները դասերը մաքսիմալ հետաքրքիր անցկացնեն: Ընտանիքներն էլ պետք է շատ աջակցեն որակյալ ուսմանը, սակայն պետք չէ մոռանալ, որ շատ բան կախված է նաև աշակերտի և ուսանողի ինքնություն սովորելու կարողությունից»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան