Հոկտեմբերի 28-ի կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ լոքդաունի չենք գնալու: Փոխարենը՝ նա որոշեց խստացնել հակահամաճարակային կանոնները, մտցրեց նոր սահմանափակումներ. բուհերն արձակուրդի անցան մինչև նոյեմբերի 15-ը, իսկ դպրոցները՝ նոյեմբերի 7-ը, իսկ թե ինչ կլինի հետո՝ դեռ պարզ չէ: Այսօրվանից էլ՝ նոյեմբերի 1-ից, պարտադիր պայման է դառնում ոչ միայն փակ տարածքներում, այլև բաց՝ դիմակի պարտադիր կրումը, այլապես՝ քաղաքացիները կտուգանվեն: Բանն այն է, որ ստեղծվել է այնպիսի մի տպավորություն, թե կորոնավիրուսային թվերի աճով պայմանավորված, սահամանփակումները վերաբերում են միայն կրթական համակարգին:



Այս սահմանափակումների ֆոնին զուգահեռ՝ մենք տեսնում ենք լեփ-լեցուն թատրոնների, կինոթատրոնների դահլիճներ, հեռուստահաղորդումների տաղավարներ, որտեղ մարդիկ նեղություն անգամ չեն քաշում դիմակ կրելու։

 ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ՝ պարզելու՝ որքանով են հետևում հակահամաճարակային խիստ կանոններին, քանի որ նոր խստացումներից հետո թատրոնի աշխատանքը նույն կերպ շարունակվում է: Տնօրենն ասաց՝ թատրոնը հանդիսատեսին կարող է միայն զգուշացնել հետևել հակահամաճարակային կանոններին, այլ բան անելու իրավունք չունի. «Թատրոնը էլ ինչ պետք է անի, բացի նրանից, որ անընդհատ զգուշացնի և ազդարարող ցուցանակներ փակցնի՝ այդ կանոնները պահպանել է պետք: Որևէ մեկը կարո՞ղ է մյուսին ստիպել դիմակ կրել: Ես մոտեցել, ասել եմ՝ դիմակ դրե՛ք, պատասխանել են՝ առողջական խնդիրներ ունեմ, պատվաստված եմ, չեմ ցանկանում այն կրել. այս դեպքում ի՞նչ անել այդ մարդուն, թևից բռնել դո՞ւրս անել»,- ասաց Վարդան Մկրտչյանը՝ շեշտելով, որ իրենց հսկիչները անվերջ հիշեցնում և պահանջում են դիմակների կրումը:

Վերջինս ասաց, որ կորոնավիրուսային վարակի աճի թվին զուգահեռ, իրենք շարունակում են ներկայացումներ ունենալ, անգամ, պատրաստվում են մեծ պրեմիերայի. «Վերջին ներկայացումը մեզ մոտ եղել է շաբաթ օրը՝ մարդկանց հոսքը նույնն էր: Հիմա մենք պատրաստում ենք նոր ներկայացում, այդ պատճառով միայն մեծ ներկայացումներով հանդես չենք գալիս: Այս շրջանում հիմնականում դրանք ցուցադրվում են փոքր բեմում, իսկ այդտեղ տեղավորում է մոտավորապես 70-80 հոգի»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ մարդկանց հոսքը թատրոն ավելացել է, թե պակասել հստակ կարող է նշել միայն մեծ ներկայացման ժամանակ՝ նոյեմբերի 30-ին, որտեղ մոտավորապես 800 հոգի է տեղավորում: 

Մեր այն հարցին, թե արդյոք թատրոնը շարունակելու է գործել, տնօրենը պատասխանեց, որ իմաստ չի տեսնում իրենց աշխատանքը դադարեցնելու. «Փորձերը դադարեցնելու իմաստ չեմ տեսնում, կարծում եմ՝ դրանք պետք է շարունակել: Մենք պատրաստվում ենք շատ մեծ պրեմիերայի, այն իրենից շատ աշխատանք է պահանջում: Բոլոր դեպքերում մենք մեր աշխատանքը կատարում ենք, իսկ թե ինչ կլինի հետո, չեմ կարող ասել»,-նշեց նա: 

Կամերային թատրոնն էլ նոր ներկայացմամբ մոտ օրերս պատրաստվում է հանդես գալ ոչ միայն Երևանում, այլև՝ Գյումրիում: Նույն պատկերն է տիրում այլ թատրոններում և հեռուստահաղորդումների տաղավարներում ևս, որտեղից համացանցում պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է հանդիսատեսը «պահպանում» հակահամաճարակային կանոնները:  

Այս պարագայում արդյոք պետությունը իսկապես մտածում է քաղաքացիների առողջության մասին. ինչու են սահմանափակումները վերաբերում միայն կրթական համակարգին: Մարդիկ կորոնավիրուսային վարակի թվերի աճ կարող են ապահովել ոչ միայն կրթական հաստատություններում, այլև մշակութային կենտրոններում:

Հիշեցնենք, որ մինչդեռ կառավարությունը՝ հատկապես ԱՆ- նախարարությունը քաղաքացիներին հորդորում էր փակ տարածքներում դիմակի պարտադիր կրումը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև հենց Անահիտ Ավանեսյանը, առանց դիմակի Նախագահականում մասնակցում էին գագաթաժողովին: