Նիկոլ Փաշինյանը և նրա շքախումբն արդեն մեկ տարի է, ինչ անընդհատ խոսում են ադրբեջանաթուրքական բառապաշարին հաճո ոճով, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այն, ինչ մինչև հիմա ասել է Փաշինյանը, բացառապես ադրբեջանաթուրքական տանդեմի շահերից է բխում։
«Մեր շահերից բխում է մեր դիմադրությունը, մեր պայքարը, որովհետև մենք տեսանք նախընթաց ժամանակահատվածում․ որքան այս անձը խոսում է կեղծ խաղաղասիրության մասին, այնքան ադրբեջանաթուրքական տանդեմը շարունակում է զիջումներ պարտադրել մեզ, մեր երկրին։ Առ այսօր գերեվարված, պանտանդառված, բռնի անհետացած բազմաթիվ մեր քաղաքացիները, մեր զինվորները գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տարածքները, մեր մշակութային արժեքները պարզապես ոչնչացվում են։ Այդքանից հետո, երբ սա խոսում է ապաշրջափակման կարևորության մասին, Նախիջևանին ելք տալու մասին, այդ ամենը վկայում է, որ շարունակում ենք ապրել մի իրականության մեջ, որում երկրի կառավարող ուժը, իշխանությունը մեզ տանում են պարտության, արժանապատվության կորստի, նվաստացման», - շեշտեց Մինասյանը։
Նա կոչ արեց ազգովին բռունցք դառնալ, դիմադրություն ձևավորել, դիմադրել ճնշումներին և այդ ճնշումներին տուրք տվող, թշնամու օրակարգով շարժվող իշխանությանը հեռացնել, որպեսզի հաստատենք արժանապատիվ իշխանություն։